Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրան մեղադրանք էր աջաջադրված այն բանի համար, որ նա 2011 թվականի մայիսի սկզբին անդամագրվել է անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանի և Գուրգեն Հայրապետյանի կողմից ստեղծված և ղեկավարվող զինված, կայուն կազմակերպված խմբին' բանդային, ապա բանդայի կազմում 2011 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում մասնակցել է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, որի ընթացքում բանդայի անդամները առանց հափշտակելու նպատակի նաև ապօրինի տիրացել են Էդուարդ Բեզոյանի ավտոմեքենային, բացի այդ, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է խոշոր չափի' 1,15 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոց:
Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է, որ վերջին երկու դատերը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի են ունեցել առանց Դալլաքյանի, քանի որ քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում է նա, դատարանին տեղեկացրել են, որ Դալլաքյանը առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ դատավարությանը: Դատավոր Մխիթար Պապոյանը հարցում էր ուղարկել ՔԿՀ' պարզելու համար, թե ինչ խնդիրներ ունի ամբաստանյալը:
Այսօր «Բանդայի» գործով հերթական դատական նիստի ժամանակ պետք է հրապարակվեր քրեակատարողական հիմնարկից ստացված պատասխանը, սակայն դժբախտությունն արդեն տեղի է ունեցել, և այժմ այս հարցերի պատասխանները հնարավոր կլինի պարզել դատաբժշկական փորձաքննության արդյունքներով:
Փաստաբանը պատմում է, որ այսօրվա դատական նիստի ժամանակ մյուս ամբաստանյալները ինքնավնասման փորձեր են կատարել, որը, ըստ նրա, կարող է լինել սթրեսային հոգեվիճակի արդյունք' Արմանի հետ կատարվածի պատճառով:
Քոսյանը նշում է, որ վերջին շրջանում, երբ Արմանը չի այցելել դատերին, ինքը նույնպես նրան չի տեսել ՔԿՀ-ում: «Երբ հարցնում էի, ինձ ասում էին, որ Արմանը չի կարող գալ տեսակցության, քանի որ կաթիլային դեղորայք է ստանում. նույն պատասխանն էլ հորն է տրվել, ով ցանկացել է մի քանի օր առաջ այցելել որդուն: Երբ հայրը հետաքրքրվել է որդու առողջական վիճակից, բժիշկներն ասել են' հա, մի քիչ խնդիրներ կան»,- մեզ հետ զրույցում ասում է փաստաբանը: ԳԱԼԱ-ի հարցին, թե հատկապես ինչի համար է Դալլաքյանը դեղորայք ստացել, ինչ գանգատներ ուներ նա, փաստաբանն ասում է, որ վերջին շրջանում նրա աչքն էին վիրահատել, մինչ այդ' աճուկները, սակայն այլ բան հստակ ասել այժմ չի կարող:
Քոսյանն ասում է, որ Արմանը զուսպ անձնավորություն էր, երբեք դժգոհություններ չի ունեցել. համենայնդեպս իրեն դրանց մասին չի ասել: Իսկ հարցին, թե փաստաբանը շարունակելո՞ւ է մասնակցել «Բանդայի» գործի դատավարական փուլին, փաստաբանը պատասխանեց, որ այսօր Դալլաքյանի թաղման արարողությունն էր, ինքը գնացել և տեսել է ծնողներին, սակայն ավելի ուշ նրանց հետ կքննարկի այն հարցը, թե արդյոք նպատակահարմար է, որ ինքը շարունակի ներկա գտնվել նիստերին:
Արաքս Մամուլյան