Aravot.am Ըստ միջազգայնագետ Արմեն Խարազյանի՝ մերժելի է ռուսական ճնշումների մասին այն թեզը, թե, իբր, Հայաստանը չէր կարող դիմադրել՝ առանց երկիրը վտանգելու:


- Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սարգսյան-Պուտին բանակցությունների արդյունքում պարզվեց, որ Հայաստանը Մաքսային միությանն է պատրաստվում անդամակցել: Ինչի՞ արդյունքում են, Ձեր կարծիքով, ՀՀ իշխանություններն այս որոշումը կայացրել, ներքաղաքական, տարածաշրջանային ի՞նչ գործընթացներ կարող էին ազդել այս որոշման ընդունմանը: Եվ հաջորդը՝ այս որոշման արդյունքում հնարավո՞ր եք համարում ՀՀ-ում ներքաղաքական դաշտում վերադասավորումները:

 

- Առաջին հարցի պատասխանը Հայաստանում պետականության կուլտուրայի կատարյալ ձախողումն է։ Մաքսային միության ջատագովներն արդարանում են, թե մենք ոչ թե պետականության, այլ գոյատեւման խնդիր ենք լուծում, որին անկախությունը կարելի է ստորադասել։ Վկայակոչում են վերջին 700 տարին՝ ասելով, թե զարգանալ կարելի է նաեւ պետականազուրկ կամ քվազի-պետական պայմաններում, եւ որ աշխարհաքաղաքական այն դիրքում, ինչպիսին մերն է, պրոտեկտորատ լինելն ավելի նախընտրելի է, քան ինքնիշխան, որովհետեւ այդպես գոնե ֆիզիկապես ապահով է, մինչդեռ անկախությունը ծանր, հայության ուժերից վեր գործ է։ Այս մտայնությունն այսօր, ցավոք, տիրապետող է ոչ միայն Հայաստանի պետական ապարատում, այլեւ մերձպետական մատույցներում, ընդդիմության շրջանում եւ հասարակության մեջ ընդհանրապես։ Այն համակարգային որակ է ձեռք բերել՝ հանգեցնելով Ռուսաստանից գերկախվածության։ Սա ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական, հումանիտար, կենցաղային։ Երեւույթը խորհրդային ու նույնիսկ ավելի վաղ ժառանգություն է։ Անկախության շրջանում այն պետք է որ հաղթահարված լիներ։ Ցավոք, բացառությամբ վաղ 90-ականների՝ Հայաստանը ոչ միայն ոչինչ չի արել՝ թոթափելու այս ժառանգությունը, այլեւ աստիճանաբար վերականգնել ու նորացրել է այն։ Այսօր Հայաստանի կյանքի վրա ազդեցության գրեթե բոլոր լծակները Ռուսաստանինն են, իսկ հանրային հոգեբանության մեջ ակնհայտորեն դրսեւորվում է սեփական նսեմության, անլիարժեքության, արտաքին ղեկավարման կենտրոններից կախվածության պաթոլոգիկ համոզմունքը։ Աշխարհում չկա որեւէ այլ հասարակություն, որն իր իսկ անկախության ու ինքնիշխանության նկատմամբ լիներ այսքան անտարբեր ու կամազուրկ, որքան այսօրվա Հայաստանն է։ Մաքսային միությանը միանալու՝ Սարգսյանի որոշումն ահա այս ընթացքի տրամաբանական մի հանգրվանն է։ Այն մեկ օրում չհասունացավ, այլ արդյունք է Հայաստանում ավելի քան մեկուկես տասնամյակ շարունակվող պետական-հասարակական ճգնաժամի եւ արժեքային սնանկացման։ Խնդիրները բնավ ներքին, արտաքին կամ տարածաշրջանային մարտահրավերների մեջ չեն, այլ դրանց պատասխան տալու մեր կամքի եւ ունակության պակասի։ Ցավոք, երկու ուղղությամբ էլ այս առաքելությունը տապալվել է։ Հարցի երկրորդ մասը՝ հնարավո՞ր են, արդյոք, ներքաղաքական վերադասավորումներ, կարծում եմ՝ էական չէ։ Եթե Հայաստանը պետք է դուրս գա այս անդունդից, ապա հարկավոր են նոր ուժեր ու նոր գաղափարներ, ոչ թե հների վերադասավորում։ Հներն իրենց խոսքն ասել են, ու դրա արդյունքը սա է։ Կլինի՞ նոր ուժ, կձեւակերպվի՞ նոր նպատակ, կաջակցի՞ ժողովուրդը դրան՝ կլինի փոփոխություն, եթե ոչ, ապա Հայաստանի երրորդ հանրապետությունը կարելի է համարել սպառված։

 

- Հայաստանի իշխող կուսակցության անդամները նշում են, թե եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտեցել Հայաստանի որոշմանը, քանի որ «դա առաջին հերթին պայմանավորված է անվտանգության խնդիրներով, իսկ սա առավել քան հասկանալի է քաղաքական շրջանակներում»: ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը Մաքսային միությանը անդամակցելո՞վ են ապահովվելու եւ Մոսկվայի միջոցո՞վ: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդհանրապես վերջին օրերին ՀՀ «անվտանգության» մասին նմանօրինակ ձեւակերպումներն այդ որոշմամբ հիմնավորելու փորձերին:

 

- Մաքսային միությունն առեւտրատնտեսական ինտեգրացման մեխանիզմ է, որի խնդիրն է վերականգնել նախկին խորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի հսկողությունը եւ կասեցնել այդ երկրների ինտեգրացումը Եվրոպային։ Անդամակցության տնտեսական հետեւանքների լուրջ ուսումնասիրություն կամ ԵՄ հեռանկարի հետ դրա համեմատական վերլուծություն ինձ հայտնի չէ, եւ վստահ չեմ, թե Հայաստանի ղեկավարության ձեռքին էլ նման փաստաթուղթ կա։ Խնդիրը ՀՀ ղեկավարությանը ներկայացվել է եւ դրա կողմից ընկալվել է իբրեւ քաղաքական, եւ քաղաքական որոշում էլ կայացվել է։ Մինչդեռ հենց քաղաքական առումով այս Մաքսային միությունը ոչ թե օժանդակում, այլ խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, ոչ թե ամրապնդում, այլ կազմալուծում է երկրի ինքնիշխանությունը, այնպես որ՝ անվտանգության մասին փաստարկներն ուղղակի անհեթեթություն են։ Անվտանգությունն ու անկախությունը տարբեր հարթության խնդիրներ չեն։ Անվտանգությունն անկախության բաղադրիչ է։ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանն է՛լ ավելի է խորացնում Ռուսաստանից իր կախվածությունը. ինչպե՞ս կարող է սա նպաստել մեր անվտանգությանը։ ՀՀ ղեկավարների մոտ միգուցե այն պատրանքը կա, թե այսուհետ Ռուսաստանն ավելի մեծ պատասխանատվություն կունենա Հայաստանի անվտանգության համար։ Բայց չէ՞ որ արդեն կան ՀԱՊԿ-ը, Գյումրիի ռուսական ռազմակայանն ու ՀՀ սահմանը հսկող ռուսական զորքերը։ Այդ ի՞նչ է ավելացնում ՀՀ անվտանգությանն այս առեւտրական միությունը, որ գոյություն ունեցող ռազմա-քաղաքական համագործակցությունը դեռեւս չէր ապահովում։ Սթափ պատասխանն ակնհայտ է՝ ոչինչ։ Իրականում անվտանգության հետ կապված միակ լուրջ մտավախությունն այն է, որ եթե Հայաստանը չհամաձայներ գնալ Մաքսային միություն, ապա Ռուսաստանը լծակներ կգործադրեր՝ ցույց տալու, որ ՀՀ անվտանգությունը վտանգի տակ է։ Սա միանգամայն հնարավոր է։ Բայց արդյոք սա ամենաակնհայտ ապացույցը չէ՞ այն իրողության, որ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանն անցել է հավասարակշռության բոլոր թույլատրելի եզրագծերը, եւ յուրաքանչյուր նման զիջում այլեւս սպառնում է ոչ թե Հայաստանի անվտանգությանը, այլ նրա պետականությանն ընդհանրապես։

 

- Օրերս ԵԺԿ-ն քաղաքական վեհաժողովի ժամանակ բանաձեւ ընդունեց, որում դատապարտեց ՌԴ-ի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը: Պարոն Խարազյան, կարելի՞ է ասել, որ Մոսկվան հայ-ռուսական, ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին գործընթացներով (ինչ-որ առումով նաեւ՝ ռուս-վրացական հարաբերությունների շուրջ մեսիջներով) տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու գործում հաջողեց, ինչն էլ, փաստորեն, եվրոպացիները արձանագրում են՝ հստակ նշելով ճնշումների մասին։

 

- Կրկին՝ սա Ռուսաստանի հաղթանակը չէ, այլ Հայաստանի սնանկությունը։ Մերժելի է ռուսական ճնշումների մասին այն թեզը, թե, իբր, Հայաստանը չէր կարող դիմադրել՝ առանց երկիրը վտանգելու, ուստի եւ անսաց դրանց։ Սա այն տեսությունն է, որ եթե դիմացինիդ սիրաշահես ու կատարես նրա ցանկացած պահանջ, ապա նա կհագենա ու նոր պահանջ չի ներկայացնի։ Սա մոլորություն է. պահանջները ոչ միայն չեն դադարելու, այլեւ ավելանալու եւ խստանալու են՝ հանգեցնելով, ի վերջո, սեփական ռեսուրսաթափման ու կամազրկման։ Ահա սա է այսօր Հայաստանի առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերը, եւ Մաքսային միություն մտնելը ոչ թե զսպում, այլ, ցավոք, արագացնում է դրա վերահասը։ Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարել է, թե որոշում է կայացրել Մաքսային միությանը միանալու մասին՝ անակնկալի բերելով թե՛ սեփական, թե՛ միջազգային հանրությանը։ Կարծում եմ՝ հայաստանյան հասարակությունն իրավունք ունի պահանջելու՝ բացահայտել այս որոշման հիմքերը. արդյոք պահպանվե՞լ են նման ռազմավարական բնույթի որոշում կայացնելու համար անհրաժեշտ սահմանադրական, իրավական եւ ընթացակարգային պահանջները՝ ուսումնասիրություններ, հանրային ու միջգերատեսչական քննարկումներ, միջնորդություններ, կարծիքներ, խորհրդարանական լսումներ։ Եթե ոչ, ապա անհրաժեշտ է քննել որոշման սահմանադրականությունն ու այն, թե արդյոք նախագահը չի՞ գերազանցել իր պաշտոնեական լիազորությունները՝ հռչակելով մի որոշում, որի կայացման միահեծան իրավունքն իրենը չէ։ Սա է, կարծում եմ, այն հիմնական ճանապարհներից մեկը, որով հայաստանյան հասարակությունը կարող է հետամուտ լինել տեղի ունեցածի հետեւանքների գեթ մասնակի չեզոքացմանը՝ թե՛ մինչեւ Վիլնյուս եւ թե՛ դրանից անդին՝ ստիպելով, որ հարցի քննարկումը համարվի ոչ թե փակված, այլ տարվի խորհրդարան եւ Սահմանադրական դատարան։ Խնդիրն առայժմ շրջելի է, եւ, հուսով եմ, Հայաստանն իր վերջին խոսքն այստեղ դեռ չի ասել։

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ