ԳԱԼԱ  Այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների համար անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին առաջարկել է ստորագրել մի տեքստ, որով իրավական մի լուծում են առաջարկում, թե ինչպես պետք է Տիգրան Առաքելյանը ազատվի:

 

«Այս տեքստը ես ինչո՞ւ եմ համարում ՀՀ քաղաքացիների արժանապատվության հարց, մի պարզ պատճառով, որովհետև մենք բոլորս բանտում ենք, քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտում է, ահա սա մենք պետք է դարձնենք բոլորին հասանելի մի պարզ բովանդակություն: Ես հիմա խոսում եմ այն մարդկանց մասին, որոնց մեջ ես տեսնում եմ խղճի ինչ-որ նշույլներ:

 

Ես հիմա խոսում եմ Եվա Դարբինյանի մասին, որին ես նաև այս տեքստը ուղղում եմ: Եվա Դարբինյանը մի դատավոր է, որը, եկեք չմոռանանք, լինելով դեռ դատավոր Երևանի քրեական դատարանում, բազմաթիվ անարդար վճիռներ է կայացրել՝ Մարտի 1-ով անցնող մեր քաղբանտարկյալ ընկերների ճակատագրերը վճռելով: Շատ մեծ մեղքեր է գործել արդարադատության դեմ: Բայց հիմա բոլորդ էլ, որ գնում եք դատարան, տեսնում եք, որ ինքը տրամաբանել գիտի, խիղճ ունի, կարծես փորձում է հավասարակշռությունը պահել:

 

Այդ կինը հնարավորություն ունի, եթե այսօր անսալով մեր այս կոչին հրապարակվող ինքը վերջապես ընդունի որոշումներ, դրանով ինքը իր խիղճը կմաքրի իր բոլոր կատարած այս մեղսակցություններից: Ես համարում եմ, որ շատ կարևոր է, որ բռնապետի կողմից ճնշված դատավորի մեջ վերջապես կարթնանա իր կոչմանը արժանի դատավոր, ես կուզեի, որ որևէ դատախազի մեջ արթնանար իր կոչմանը արժանի դատախազ, ոստիկանի մեջ արթնանար իր կոչմանը արժանի ոստիկան, որովհետև այդպիսի քաղաքացիական համարձակության քայլերով է հասարակությունը դառնում հասարակություն, ժողովուրդը դառնում ժողովուրդ և կայանում ազգը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

 

Հեղինակ` Լիլիթ Թադևոսյան

 

Մանրամասները` այստեղ