Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել: Զուրաբյանի նախաձեռնությանը միացել են նաև մի շարք հայտնի գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:
Պաշտպանական կողմը քիչ առաջ Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատավարությանը դատավոր Եվա Դարբինյանին հանձնեց երաշխավորագրերը:
Դատարանը շուրջ երկու ժամ խորհրդակցություն անցկացնելուց հետո նոր վերադարձավ դատարանի դահլիճ:
Տիգրան Առաքելյանին դահլիճը դիմավորեց հոտնկայս' «Ազատությո´ւն, ազատությո´ւն» վանկարկումներով:
Դատավոր Եվա Դարբինյանը նշեց, որ մերժում են միջնորդությունը:
Դատավորի ելույթից հետո ողջ դահլիճը սկսեց վանկարկել «ամո´թ դատարանին», «ամոթ», «կաշառվածներ», «Տիկո´, քո հետ ենք»: