Տիգրան Առաքելյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել նրա և նույն գործով անցնող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մյուս երեք ակտիվիստների՝ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի բողոքը, որով նրանք պահանջել էին բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումն ու իրենց արդարացնել։
Հիշեցնենք՝ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանը երկու տարի բանտում անցկացնելուց հետո համաներմամբ ազատ արձակվեց: Բայց Վերաքննիչ դատարանը չարդարացրեց ո՛չ նրան և ո՛չ էլ մյուս երեք ակտիվիստներին. նրանք մեղավոր ճանաչվեցին՝ երկուսը՝ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, երկուսն էլ' խուլիգանության մեջ։ Վճռաբեկ դատարանն էլ օրերս վերադարձրել է Վերաքննիչ դատարանի վճռի դեմ ակտիվիստների բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Տիգրան Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Եվրադատարան «անպայման» դիմելու է։
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս գործով կայացված բոլոր դատավճիռներն ու որոշումները դիտարկում էր քաղաքական պատվերի շրջանակներում:
«Սա այն հերթական գործերից էր, որտեղ «արդարադատությունը» իրականացվում էր քաղաքական իշխանությունների կաբինետներում, և թե՛ առաջին դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը բեկանեց դատական ակտը, թե՛ երկրորդ դեպքում, երբ ետ վերադարձրեց դիմումը՝ համարելով անհիմն, արդարադատության հետ աղերս չունեցող որոշումներ են դրանք և քաղաքական իշխանության կողմից կայացված որոշումներ են», - ասաց Արմեն Խաչատրյանը՝ հավելելով․ - «Իհարկե, անակնկալ կլիներ՝ շատ մեծ անակնկալ, եթե վարույթ ընդունվեր, և կայացվեր արդարացի որոշում»:
Հարցին՝ այն փաստը, որ Վերաքննիչ դատարանը Տիգրան Առաքելյանի վրայից հանեց ոստիկանի նկատմամբ ծանր բռնություն գործադրելու մեղադրանքը և նրան ազատ արձակեց, արդյոք չի՞ նշանակում, որ արդարադատություն, այնուհանդերձ, այս գործով իրականացվել է, ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչը արձագանքեց․ - «Վերաքննիչ դատարանը պարզապես գնաց այդ քայլին, արհեստականորեն դրված մասը արհեստականորեն հանվեց, որպեսզի ընդամենը հնարավոր լիներ համաներումը կիրառել ուղղակիորեն: Այսինքն՝ քաղաքական պատվերի շրջանակում մտած էր նաև այդ մասը, հոդվածի մասը որևէ կերպ մեղադրանքի ծավալից հանելը, արդարացնել այդ մասով»:
Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքի մեջ նշված էր, որ վերջին չորս տարիներին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածը կիրառվել է 30 անգամ ավելի, քան Հայաստանի անկախության հռչակումից ի վեր մնացած բոլոր 17 տարիներին, ընդ որում՝ այն կիրառվել է ճնշող մեծամասնությամբ միայն քաղաքական հակառակորդների կամ նրանց պաշտպանող անձանց դեմ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, իրենց պնդմամբ, այդ ցուցանիշները ի՞նչ են վկայում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ - «Ոստիկանները խոչընդոտել են, ոստիկանները բռնություն են գործադրել, բայց, որպես կանոն, շինծու գործերը հարուցվել են այդ հոդվածով: Դա ամենահարմար հոդվածն էր մեր գործընկերներին մեղադրանք առաջադրելու համար, քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար»:
«Սկսած 2007 թվականի հոկտեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանի, Շողեր Մաթևոսյանի և մյուսների դեմ կատարվեց այդ Կորյունի փողոցի վրա, առաջին անգամ հարուցվեց մեր դեմ այդ հոդվածով քրեական գործ, ու դրանից հետո դա դարձավ իշխանությունների անգիր արված պրակտիկան», - շարունակեց ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ մանրամասնելով․ - «Ինքը բավականին հեշտ էր՝ ոստիկանը գնում էր հարվածում էր, երեք ոստիկան ցուցմունք էին տալիս, որ նրան են հարվածել, ոստիկանը պնդում էր, որ ցավ է զգացել․ դա բավարար հիմք էր քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու, շատ դեպքերում նաև՝ նախնական կալանք կիրառելու համար»: