Ռուսաստանում՝ Սոչի - Երեւան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում, տեղի ունեցած խոշոր վթարի հիվանդանոցում գտնվող բոլոր 8 վիրավորներն արդեն դուրս են գրվել, նրանք այժմ գտնվում են Սոչիում։
Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիներին, ապա նրանցից երկուսի դիերն արդեն բերվել են Հայաստան։ Իսկ մնացածի դեպքում դիակների տեղափոխումն ընթացքի մեջ է, նրանց օգնում է Կրասնոդարի երկրամասում ՀՀ հյուպատոսությունը։
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ վթարի ենթարկված մեքենան պատկանել է մասնավոր անձի, ով Սոչիից Երեւան էր բերում ուղեւորների։
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 03.25-ին ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երեւան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար. կան տուժածներ: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը' 2006թ. ծնված Բերնեցյան Էրիկ Տիգրանի, 1985թ. ծնված Սահակյան Մարիամ Վաչագանի, 1976 թ. ծնված Խաչատարյան Լուսինե Սամվելի, 1971թ. ծնված Լազարյան Արմեն Լեւոնի եւ 1978 թ. ծնված Կոտոլյան Լիա Սերյոժայի տեղում մահացել են, իսկ Բերնեցյան Լալա Սամվելի (ծնվ. 1985 թ.), Զեյթունյան Անուշ Էդուարդի (ծնվ. 2009 թ.), Հովասափյան Գայանե Արսենի (ծնվ. 1990 թ.), Սահակյան Նաիրա Վաչագանի (ծնվ. 1986 թ.), Մարկոսյան Անի Նվերի (ծնվ. 1995թ.), Բաբայան Սեդա Արմենի (ծնվ. 2007թ.), Բաբայան Արմենակ Հայկի (ծնվ. 1961թ.) եւ Բաղդասարյան Գարուշ Արթուրի (ծնվ. 1987 թ.) տեղափոխվել են Գուլկեւիչ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածներ Անուշ Զեյթունյանի, Նաիրա Սահակյանի, Մարկոսյան Անիի եւ Բաբայան Արմենակի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Բաղդասարյան Գարուշի, Բաբայան Սեդայի եւ Հովասափյան Գայանեինը՝ բավարար: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ՀՀ ԱԳՆ պատասխանատուն: