PanARMENIAN.Net ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռուս-ամերիկյան համաձայնությունը Սիրիայի հարցում բխում է ԱՄՆ գլխավոր նպատակից Դամասկոսի քիմիական զենքի պաշարների հարցում: Համաձայնությունը ոչ միանշանակ ընդունվեց ամերիկացի օրենսդիրների կողմից:
Ելույթ ունենալով АВС հեռուստաալիքի «Այս շաբաթ Ջորջ Ստեֆանոպուլոսի հետ» հաղորդման շրջանակներում, նախագահ Օբաման նշել է, որ ԱՄՆ ճնշումը Սիրիայի հանդեպ արդյունավետ եղավ:
«Ճնշման հետևանքով, որը մենք գործադրում էինք մի քանի շաբաթ շարունակ, Սիրիան առաջին անգամ խոստովանեց, որ քիմիական զենք ունի և համաձայնվեց միանալ քիմիական զենքի օգտագործումն արգելող կոնվենցիային: Միևնույն ժամանակ ռուսական կողմը, նրա գլխավոր հովանավորը, հայտարարեց, որ պահանջելու է Սիրիայից դուրս բերել քիմիական զենքի բոլոր պաշարները: Մի քանի շաբաթվա ընթացքում մենք մեծ ճանապարհ անցանք»,-ասել է Օբաման:
Երկու հանրապետական սենատորներ՝ Ջոն Մաքքեյնն ու Լինդսի Գրեմը, խստորեն քննադատեցին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: «Միայն գիտակցաբար բոլոր կասկածները ճնշելու դեպքում կարելի է չնկատել, որ համաձայնությունն ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական փակուղու սկիզբ»,-հայտարարել են նրանք:
Հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը հայտարարել է, որ դեմ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատարի դերը ստանձնի սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում: «Կարծում եմ, որ Պուտինը, ոչ Օբաման, հաջողության հասնելու եզակի հնարավորություն ունի, քանի որ Ասադի և Սիրիայի հանդեպ ճնշում գործադրելու լծակներ ունի»,-ասել է Մաքքոլը՝ ելույթ ունենալով FoxNews-ի կիրակնօրյա հաղորդման շրջանակներում:
Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք վստահել Ռուսաստանին Սիրիայի հարցում՝ Օբաման ասել է. «Սառը պատերազմի» ժամանակներն անցել են, և ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս մրցակիցներ չեն», հայտնում է VOA News-ը: