PanARMENIAN.Net ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր, մասնավորապես, հակամարտության կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված քայլեր: Ըստ Ուորլիքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հաջորդ քայլը կլինի հանդիպումների կազմակերպումը Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանի շրջանակներում:
Անցած շաբաթ ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ԱՄՆ համանախագահն առաջին ճանաչողական այցը կատարեց Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
Բաքվում Ուորլիքը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի ՄԽ-ն, նրա համանախագահները, Ադրբեջանը, Հայաստանն ու տարածաշրջանի մյուս երկրները միասին աշխատեն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար, ինչը խաղաղություն ու բարգավաճում կբերի տարածաշրջան:
Նա հավելել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է սկսելու աշխատանքը իր ֆրանսիացի և ռուս պաշտոնակիցների հետ՝ հավելելով, որ «մտադիր է գործել իրատեսության ու պրագմատիզմի հիման վրա, որպեսզի երկու կողմերը գտնեն հակամարտության հաստատուն լուծումը»: