Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն: Միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց Եվրոպայի խորհրդի Ոչ Ատելության Կոչերին Շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշեց. «Մեր համատեղ խնդիրն է միահամուռ եւ հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը եւ բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երեւույթները ծնող պատճառների եւ դրանց ցանկացած դրսեւորումների դեմ»:
Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրեց նաեւ, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին եւ հանդես է գալիս կազմակերպության գործունեության եւ դերակատարության համար կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: