Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը և Ալյանս Ֆրանսեզը Ստրասբուրգի մերձակա Վասելոն քաղաքի դղյակում Ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ կազմակերպել են համաժողով` նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում (ՖՄԿ) Հայաստանի դերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ներկա էին ակադեմիական շրջանակների, քաղաքային իշխանությունների և Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրել է Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության գործընթացը, ՖՄԿ շրջանակներում Հայաստանի նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված ՖՄԿ-ԵԽ փոխգործակցության զարգացմանը, և մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու նպատակով իրականացվող հաստատուն քայլերը: Դեսպան Հովհաննիսյանը շեշտել է. «Ամենևին պատահական չէ ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի միանալը, քանի որ մեզ միավորում են ձգտումը խաղաղությանը, ժողովրդավարությանը, հարգանքը մարդու իրավունքների, մշակութային և լեզվական բազմազանության հանդեպ»:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել են Հայաստանի մասին պատմող տեսանյութ և ֆոտոշարք, որին հետևել է հարց ու պատասխան: Միջոցառման ավարտին մատուցվել է պաշտոնական ընդունելություն: