Օգոստոսի վերջին Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական գյուղերում ջրից թունավորվել էր շուրջ 150 մարդ, մի մասը հոսպիտալացվել է: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ստուգումները պարզել էին, որ աղբյուրը խմելու ջուրն էր, սակայն ստուգման ժամանակահատվածում ջրում շեղումներ չէին արձանագրվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ընկերության ջրի որակի վարչության պետ Մինաս Բերույանից լրագրողները հետաքրքրվեցին Ոսկեվազ և Օշական գյուղերի խմելու ջրից թունավորումների խնդրից, բանախոսը ևս կրկնեց, որ «այդ ժամանակահատվածի համար ջրի ստուգումներում շեղումներ չեն եղել»:
Մինաս Բերույանը շեշտեց, որ խնդիրը ուսումնասիրման փուլում է, ոչ մի հստակ հայտարարություն չի եղել, ստուգում են նաև հողը, սնունդը, ջուրը: Այն դիտարկմանը, որ արդեն հայտարարություն կա' ջրից է, սակայն աղբյուրը չեն կարողանում պարզել, Մ. Բերույանը շեշտեց, որ դա նախնական պատասխանն է:
Հարցին, որ հնարավոր է ջրի թունավորման պատճառը Ոսկեվազ գյուղի տարածքում «Հայասի» կոնյակի գործարանի կեղտաջրերի միախառնումն է եղել, նա չբացառեց, ասելով, որ խմելու ջրի խողովակներն անցնում են «Հայասի»կոնյակի գործարանի տարածքով, միաժամանակ նշելով, որ ջրի խողովակները հին են:
Նշենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը ևս անդրադարձել է խնդրին: