ԱՄՆ Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունն արգելել է հայկական երկու ընկերությունների պանրի ներկրումը: Արգելանքն ուժի մեջ է սեպտեմբերի 13-ից, ասվում է վարչության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնել է panarmenian.net կայքը:

 

Հայաստանից արգելվել է «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանիրը (սեպտեմբերի 13-ից) և «Դուստր Մելանյայի» արտադրանքը (արգելքը գործում է 2011 թ. դեկտեմբերի 21-ից): Երկուսում էլ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ; «Լոռիում» դա COLI (TYPICAL) ցուպիկն է, իսկ «Դուստր Մելանյայում»՝ E.Coli-ն:

 

«ԱՄՄ» ընկերությունը գտնվում է Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում: Արգելանք է կիրառվել, ընդհանուր առմամբ, 28 երկրների 100 պանրատեսակների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ ներմուծման արգելանք է գործում հյութեր ու հրուշակեղեն արտադրող որոշ ընկերությունների արտադրանքի համար: Այսպես՝ 2013 թ. հոլիսի 7-ից արգելվել է Սյունիքի մարզում (Շամբ գյուղ) գործող «Արսեն և Ներսես» ընկերության ոչ ալկոհոլային խմիչքների ներկրումը: 2009 թ. սեպտեմբերի 18-ից մինչ օրս արգելք է դրված Երևանի գարեջրի գործարանի խմիչքներից մեկի նկատմամբ (tarragon soft drink):

 

Նույն ժամանակ էլ արգելվել է «Գրանդ Քենդիի» մարմելադների ներկրումը: Արգելքը հիմնավորվում է այդ արտադրատեսակներում հարուցիչների առկայությամբ: