Սիրիայի Հոմս քաղաքում մարդատար ավտոբուս են պայթեցրել, կա ավելի քան 19 զոհ. հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանության ներկայացուցիչներին: Ըստ նույն աղբյուրների' ևս 4 հոգի հոսպիտալացվել է հիվանդանոց:
Ականապատված ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել Ջիբուրին բնակավայրի մոտ, որտեղ բնակչության հիմնական մասը կազմում են ալավիտները, որոնք հանդիսանում են այն նույն կրոնի հետևորդները, ինչ և երկրի նախագահ Բաշար Ասադը: Այդ բնակավայրում ապրում են նաև քրիստոնեաներ և մահմեդական-սունիտներ:
Դեռևս պարզ չէ, թե ով և ինչու է հարձակման թիրախ ընտրել մարդատար ավտոբուսը:
Սովորաբար նմանատիպ հարձակումների ետևում կանգնած են լինում «Ֆրոնտ Ան-Նուսրա» խմբավորման գրոհայինները, որոնք պայքարում են երկրում տիրող ռեժիմի դեմ:
Հիշեցնենք, որ քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարուց ավելի: Այդ ժամանակահատվածում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 100.000 մարդ, շատերը զրկվել են տանիքից և դարձել փախստական: