Lragir.am Առողջապահության ոլորտում նախորդ տարի «ատկատների» բացահայտումից հետո անցել է շուրջ մեկ տարի, սակայն Սերժ Սարգսյանի՝ խոշորին գլխից բռնելու հանձնարարականի կատարումը ուշանում է:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում նախորդ տարի հայտնի էր դարձել, որ պետական 134 բուժհիմնարկներից 92-ը խախտել են պետական գնումների մասին օրենսդրությունը՝ թույլ տալով կոպիտ խախտումներ և յուրացնելով պետական միջոցները: Որոշ դեպքերում պետական գնումների մրցույթներ ընդհանրապես չէին հայտարարվել, բուժհիմնարկների ղեկավարներն իրենց անհրաժեշտ ապրանքը գնել էին այն ընկերություններից, որոնցից ցանկացել էին, իսկ մի շարք դեղատեսակներ ձեռք էին բերվել ուռճացված և շուկայականից մի քանի անգամ թանկ գներով:


Սա բյուջետային միջոցների յուրացման խոշոր դեպքերից էր, բուժհիմնարկների ղեկավարներն ու նրանց «վերևները» ակնհայտորեն յուրացրել են ոլորտին հատկացվող միջոցները, այն դեպքում, երբ Հայաստանում տարեկան հազարավոր մարդիկ են մահանում միայն այն պատճառով, որ բուժվելու համար ֆինանսական միջոցներ չունեն:


Հանձնաժողովի հաշվարկներով՝ միայն դեղերի պետական գնումների ժամանակ թույլ տրված խախտումների պատճառով պետությանը տարեկան պատճառվել էր 1.5 մլրդ դրամի վնաս: Այս թիվը մի քանի անգամ ավելի կլինի, եթե հաշվարկվեն նաև բուժսարքավորումների և բժշկական մյուս պարագաների գնումների գործընթացի ժամանակ կատարված յուրացումները:


ՏՄՊՊՀ բացահայտումներից հետո Պետական եկամուտների կոմիտեն էլ իր հերթին էր ներկայացրել ստուգումների արդյունքներ, ըստ որոնց, բուժհիմնարկները հարկերից չարամտորեն խուսափել էին՝ դարձյալ մեծ վնաս հասցնելով բյուջեին: Այս երկու բացահայտումներին նախորդել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, որի ժամանակ նա մտահոգություն էր հայտնել ոլորտի ստվերի մեծացման վերաբերյալ:


Այս դեպքերին մասնակից որևէ պաշտոնյա մինչ օրս քրեական պատժի չի ենթարկվել: Ոլորտի պաշտոնյաներից աշխատանքից ազատվեց միայն Առողջապահական պետական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը, ում անունը կապվել է «ատկատների» հետ: Առողջապահական պետական գործակալությունն է իրականացնում պետական պատվերի շրջանակներում բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների մասին պայմանագրերի կնքումը, հիվանդանոցների կողմից պետպատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը: Արա Տեր-Գրիգորյանը, սակայն, այսօր աշխատում է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հանձնաժողովում՝ որպես փորձագետ և օրենսդրական եզրակացություններ է շարադրում: Հավանաբար Արա Տեր-Գրիգորյանը վերոնշյալ հանձնաժողովի պատգամավորներին խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է մշակել ոլորտի օրենքները, որպեսզի ավելի հեշտ լինի խուսափել պատասխանատվությունից:


Lragir.am-ի հարցմանն ի պատասխան ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բուժհաստատությունների կողմից պետական գնումների ընթացակարգով դեղորայքի և բժշկական նյութերի ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության ավարտին արձանագրել է, որ թվով 92 բուժհաստատություններ գործել են օրենսդրության խախտումներով: Վերջինների վարքագիծը համարվել է ռիսկային, և բոլոր 92 գործերը ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: 

Շարունակությունն` այստեղ: