Թուրքական պարբերականներից մեկը տեղեկացնում է, որ Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարանը վերանայել է թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանին և հայերին ուղղված սպառնալիք ու վիրավորանք պարունակող էլեկտրոնային նամակի հեղինակի նկատմամբ կայացրած պայմանական ներման որոշումը:
Դատարանը նամակի բովանդակությունը որակել է՝ որպես բացահայտ սպառնալիք: 2010 թվականին Բիլալ Շեքերլիսոյ անունով անձնավորության կողմից Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի էլեկտրոնային հասցեին «Թուրք վրիժառու բրիգադ» ստորագրությամբ ուղարկված նամակն ունեցել է այսպիսի բովանդակություն. «Հրանտից հետո հաջորդ թիրախը լինելու Բասքըն Օրանը:
Այդ կեղտին ևս պիտի ասպարեզից հանել: Հայ «բիճերը» չեն կարողանալու հանգիստ քնել…» Այս առիթով մի քանի դատարաններում տեղի ունեցած դատական գործընթացներ իրականացվեցին: Վերջին դատական գործընթացը տեղի է ունեցել Անկարայի առաջին ատյանի դատարանում, որտեղ էլ արարքը որակվել է որպես խոսքի ազատության դրսևորում:
Բասքըն Օրանի փաստաբանի բողոքից հետո գործը գործն ուղարկվել է ավելի բարձր իրավասություններ ունեցող Անկարայի 10-րդ ծանր հանցագործությունների դատարան: Վերադաս դատարանն ընդունելով բողոքը, ուժը կորցրած է համարել նշյալ արարքը խոսքի ազատություն դրսևորում դիտարկած որոշումը՝ որակելով այն որպես բացահայտ սպառնալիք: Այսպիսով, Բասքըն Օրանի նկատմամբ սպառնալիքներ, իսկ հայերի նկատմամբ՝ վիրավորանքներ պարունակող նամակի հեղինակ Բիլալ Շեքերլիսոյի գործով նոր դատական գործընթաց է նախատեսվում: