«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հանրային հեռուստաընկերաթյունը պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մեծ քանակով' 1,03 միլիարդ դրամի չափով, տեխնիկա ներմուծել Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ–ից, Կոստա Ռիկայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Կանադայից և այլ երկրներից։
Հանրայինը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով հետաձգելու ակնկալիքով։ «Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշոր վերազինման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի (HD) թվային հեռարձակմանը և ապահովել սեփական արտադրության հաղորդումների համապատասխանությունը միջազգային հեռարձակող կառույցների որակական չափանիշներին»,-ասված է նախագծում։ Որպես տեխնիկայի ներմուծման հիմնավորում, «Հ1»–ի ղեկավարությունը նշել է, թե ժամանակակից սարքավորումների միջոցով էականորեն կբարելավվեն ընկերության աշխատանքները։
Փաստորեն, «Հ1 »–ին սեփական հեղինակությունը բարձրացնելու, օբյեկտիվ և որակյալ լրատվություն ցուցադրելու համար «HD» տեխնիկան է պակասում, իսկ ներկայիս բոլոր խնդիրների այդ թվում և լրատվական հաղորդումներում իրականությունը խեղաթյուրելու համար մեղավոր են «հնամաշ» սարքավորումները»։