Ամերիկացի սենատոր Ռիչարդ Դըրբինը ներկայացրել է մի օրինագիծ, որի նպատակն է դադարեցնել Հայաստանում ու Հաիթիում անտառահատման արագընթաց գործընթացը։
Ինչպես հայտնում է Asbarez.com կայքը՝ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, օրինագիծը նաև ենթադրում է անտառների վերականգնում՝ հասցնելով դրանք մինչ 1990-ական թվականների մակարդակին։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է այս օրինագծին՝ իր աջակցությունը հայտնելով սենատոր Դըրբինին։
Haiti and Armenia Reforestation Act օրինագծի ընդունման դեպքում սերտ կապեր կհաստատվեն Հայաստանի ու Հաիթիի նախարարությունների ու մասնավոր կազմակերպությունների միջև, որոնք պատասխանատու են անտառների վերականգնման համար։
Օրինագիծը նաև թույլ է տալիս 2 ազգերի պարագայում էլ կիրառել «պարտքի մարում բնության վերականգնման դիմաց» մեխանիզմը, որի շրջանակում բնության պահպանության ոչ պետական խումբը կարող է համագործակցել Հաիթիի ու Հայաստանի կառավարությունների ու միջազգային վարկատուների հետ՝ ապահովելով վարկերի մի մասի մարումը՝ անտառների վերականգնման պատասխանատվությունը ստանձնելու դեպքում։