«Ռուսաստանում պատմականորեն առանձնահատուկ վերաբերմունք է եղել հայ ժողովրդի նկատմամբ, մենք եղբայրական հարաբերություններ ունենք»,- այսօր Երևանում' Հայաստանի քաղաքագետների միությունում «Մշակույթը որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» թեմայով կազմակերպված կոնֆերանսին, ասաց Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մեդինսկին: Մեդինսկին նախևառաջ նշեց, թե զարմանքով է իմացել, որ Հայաստանում ընդամենը երկու ռուսական դպրոց կա: Սակայն ներկաներն անմիջապես հանգստացրին ՌԴ մշակույթի նախարարին' նշելով, որ Հայաստանում բոլոր դպրոցները երկրորդ դասարանից պարտադիր կերպով դասավանդում ռուսաց լեզու, որը երկրորդ լեզուն է' հայերենից հետո:
«Դե լավ, դուք ինձ հանգստացրիք,- ասաց Վլադիմիր Մեդինսկին,- Որովհետև, իհարկե, առանց լեզվի իմացության շփումը շատ դժվար է»:
Թեև քննարկումը հիմնականում մշակութային հարցերին էր վերաբերում, սակայն իր ելույթի ամենասկզբում պատմաբան նախարարի դատողություններն ավելի շատ վերաբերում էին քաղաքականությանը, դիվանագիտությանը և պատմությանը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մինչ այդ մեջբերել էր հայկական արմատներով մի ռուսաստանցի կնոջ, ով Մեդինսկուն ուղղված իր նամակում նշել էր, թե հայերը միակ ժողովուրդն են, ովքեր երբեք չեն դավաճանել Ռուսաստանին:
«Ես չգիտեմ' հայերը միա՞կ ժողովուրդն են, որ չեն դավաճանել Ռուսաստանին, թե՞ ոչ, կարծում եմ' միակը չեն, բայց այն, որ Ռուսաստանը նույնպես երբեք չի դավաճանել Հայաստանին, հաստատ է, այսինքն' փոխադարձ է,- նկատեց Վլադիմիր Մեդինսկին,- Ես հիշում եմ 20-րդ դարասկզբի պատմությունը' ցեղասպանությունը, դեռ այն ժամանակներից մենք միասին ենք եղել»:
ՌԴ մշակույթի նախարարը նույնիսկ հիշեց այն փաստը, որ Հայաստանում է միակ բնակավայրը, որը տվել է երեք մարշալ:
«Չարդախլուն»,- նրա միտքը շարունակեց Հմայակ Հովհաննիսյանը:
«Այն նույնիսկ ոչ թե Լեռնային, այլ Դաշտային Ղարաբաղի տարածքում է: Բայց այդ գյուղը չէր մտնում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ… Սա, իմիջիայլոց, Կովկասի բյուրոյի որոշման մասին»,- ժպտալով ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Վլադիմիր Մեդինսկին, ընգծելով հայ-ռուսական սերտ կապերը, կեսկատակ նկատեց, թե Մոսկվայում ոչ թե մեկ, այլ երկու հայկական դեսպանատներ կա, երկրորդը' մշակույթի նախարարությունն է:
«Իմ տեղակալը հայ է ամենամեծ բաժանմունքի պետը հայ է, դաշնային թանգարանների գծով խորհրդականը' Մուսայելյանը, հայ է, և, բնականաբար, տնտեսական բաժնի պետը նույնպես հայ է: Ինչ կարող ես անել, ընդ որում' որևէ մեկը ազգային պատկանելիության վրա ուշադրություն չի դարձնում, սակայն դա մշտապես կատակի առարկա է հանդիսանում»,- ասաց Վլ. Մեդինսկին:
Ավելացնենք, որ Վլադիմիր Մեդինսկին Հայաստանում մասնավոր այցով է, սակայն տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է հայաստանյան իր գործընկերոջ' Հասմիկ Պողոսյանի հետ: