Pastinfo.am Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը: Այն, սակայն, ավարտին չհասցվեց, քանի որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը Սուրիկ Խաչատրյանը:
Դատական նիստին հնարավոր չէր պարզել հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը: Ուստի, դատական նիստն ընդմիջվեց և հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը՝ այդ նիստին հայցվոր անձամբ պետք է ներկայանա և ներկայացնի իր ճշմարիտ անձնագրային տվյալները:
Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի, զրպարտություն են: Հայցվորը պահանջում է իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով: