«Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցի քննոթյունը, որը ներկայացվել էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ: Սյունիքի նախկին մարզպետը ներկայացավ և հայտարարեց, որ ինքն է ներկայացրել հայցը»,- այս մասին տեղեկանում ենք 168.am լրատվականից :
Ըստ կայքի` դատավորի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հայցադիմումի և անձնագրի համարները չեն համապատասխանում միմյանց, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է, որ անձնագիրը վերջերս փոխվել է: Գործով պատասխանողի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ասել է, որ դատարանի կողմից հայցը վարույթ է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ. հայցադիմումում նշված չէ հայցվորի հայրանունը: «Միայն այն հանգամանքը, որ հայցադիմումում գրված չէ հայցվորի հայրանունը, արդեն իսկ հիմք էր, որ հայցադիմումը դատարանի կողմից վերադարձվեր»,- ասել է Մուշեղ Շուշանյանը:
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը միջնորդել է, որ այսուհետ գործում գրվի Սուրիկ Խաչատրյան: Դատարանը որոշեց ոչ պատշաճ հայցվորին փոխարինել պատշաճ հայցվորով:
«Սրանից հետո Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ նա այլևս չի ցանկանում մասնակցել դատական նիստին: Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանը հեռացավ դատարանից»,-գրում է կայքը: