pastinfo.am Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրել է հարսին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող սկեսրայրի նկատմամբ քրեական հետապնդումը։ Պարզվում է' հարսը ներել է, եւ կողմերը հաշտվել են։ Հաշտության մասին դատական նիստում հայտնել է հենց հարսը՝ նախքան դատաքննությանն անցնելը հայտարարելով, որ հաշտվել է սկեսրայրի՝ Մարտուն Կուրղինյանի հետ՝ նշելով, որ նրա դեմ որևէ բողոք չունի և ներել է նրան: Մ.Կուրղինյանը եւս հաստատել է հարսի խոսքերը՝ պնդելով, որ հարսի հետ հաշտությունը փոխադարձ է և ցանկանում է, որ այդ իսկ հիմքով դադարեցվի իր նկատմամբ քրեական հետապնդումը: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, 2013թ. հուլիսի 14-ին' ժամը 15:00-ի սահմաններում, Կուրղինյանը իր տանը վիճաբանել է հարսի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին' պատճառելով պարանոցի հետին մակերեսի, աջ ազդրի մեկական, աջ բազկի թվով երկու հատ արյունազեղումների ձևով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը: