Aravot.am-ի հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանը խոսելով «Տոնուսի» դատական պրոցեսի մասին, ասաց, որ վերջին դատին, անցյալ ուրբաթ օրը ոչ «Տոնուսի» ներկայացուցիչը, եւ ոչ էլ բանկինը դատարան չեն ներկայացել, նիստը հետաձգվել է: «Հարյուրավոր մարդիկ գալիս կանգնում են, իսկ նրանք չեն ներկայանում, մատերի վրա խաղացնում են ժողովրդին, անպատիժ մնալով, կարծես այդպես էլ պետք էր լիներ: Անելանելի վիճակի մեջ են դնում, չհասկանալով, որ դա կարող է վատ վերջանալ»,- նշեց «Տոնուս» շինարարական կազմակերպությունից խաբված Արթուր Իսպիրյանը:

«Անցյալ անգամ «Տոնուսի» ներկայացուցիչը տասնհինգ օր ժամկետ էր խնդրել, որպեսզի իր պահանջները ներկայացի բանկին, բայց տասնհինգ օրն անցավ չներկայացան դատարան, առանց պատճառի ու արհամարհանքով: Իրենք անպատժելիության մթնոլորտում են գործում, ոչ մեկ նրանց ձեռքը չի բռնում, թվում է, թե նրանք օրենքի սահմանում են եւ իրենց ամեն ինչ կարելի է ու այս մոդելը միայն այստեղ չէ, սա Ռուսաստանից եկած մոդել է մարդկանց խաբելը: Մոտ երեք հարյուր մարդ այսօր դատարանի հույսին է մնացել ու չգիտի ինչ է սպասվում իրեն»,- ավելացրեց Արթուր Իսպիրյանը, հայտնելով, որ «Տոնուսից» քցվածները տասնհինգ օր էլ կսպասեն, եւ եթե այս կերպ շարունակվի իրենք կսկսեն մեծ բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության եւ նախագահականի շենքերի առջեւ, որպեսզի ըստ նրա հաշվի առնեն այս վերաբերմունքը' ժողովրդի նկատմամբ:

«Պետությունը պարտավոր է իր ժողովրդի կողքին լինել, ճիշտ լուծումներ տալ խնդիրներին, կառավարություն էլ' պետք է իր ժողովրդին պաշտպանի, ոչ թե անտեսի, եւ ի վերջո այս ամենը չպետք է անպատիժ մնա, որովհետեւ մարդկանցից վեց-յոթ տարի է գումարները վերցրել են եւ ոչ մի պատասխան չկա ու լարված վիճակում են պահում»,- հայտնեց Արթուր Իսպիրյանը՝ հավելելով, որ այն մարդիկ էլ ովքեր ստացել են սեփականաշնորհման վկայականներ' դրանք այսօր չեղյալ են համարում, որովհետեւ նրանց համոզել են, որ մուծեն ավելի քիչ գումար, քան պետք է մուծեին, իսկ այժմ' դատարանում նաեւ այդ հարցն է քննարկվում: Այսինքն, «Տոնուսը» նրանց տվել է այդ վկայականներն այս պայմանով, որ նրանք գրեն թե քիչ գումար են վճարել: