tert.am Ինը պետություններ այցելած «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հեռվից հետևել է հայաստանյան քաղաքական անցուդարձին և ոչ մի դրական գնահատական չունի: Մաքսային միությանն անդամակցելու որոշումը նա համարում է պարտադրված, հայ ժողովրդին՝ էլ մարդու չպայքարող տեսակ:
-Պարոն Կարապետյան, որքան տեղյակ եմ՝ Ձեր երկարատև բացակայության ժամանակ եղել եք լատինամերիկյան, հարավ արևելյան ասիական երկրներում և կարո՞ղ եք ասել՝ ինչով էր պայմանավորված այդ էկզոտիկ երկրները տեսնելու Ձեր ցանկությունը:
- Եղել եմ 9 պետությունում, նախ գնացի Հնդկաստան, հետո՝ Թայլանդ, Կամբոջիա, Կուբա՝ Հավանա, հետո գնացել եմ Կոստա Ռիկա, հետո՝ Պանամա, Պանամայից՝ Պերու, Կոլումբիա, այստեղից վերադարձել եմ Հավանա, որովհետև միայն այնտեղից կա ուղիղ չվերթ Մոսկվա: Իսկ որ հարցնում եք՝ ինչո՞ւ եմ այդ երկրները այցելել (հը, հը – ծիծաղում է) դե աստվածների երկիր ա:
Ես իմ կյանքի ընթացքում եղել եմ 40 պետությունում, բայց աշխարհում 260 պետություն ա, էն 220 -ը պետք է այցելեմ, որովհետև եթե առաջ ես էդ գումարները ծախսում էի մեր ժողովրդի վրա, ասենք թե, ժողովրդին էի օգնում, հիմա էդ շփումը չկա, ծախսում եմ ինձ համար:
-Դուք հայտնի քրիստոնյա եք, Ձեր կրոնական հայացքներում փոփոխությունների չե՞ն եղել , որովհետև այն երկրների մի մասում, որում եղել եք, այլ կրոններ են տարածված: Օրինակ՝ բուդդայականություն:
- Հը, հը, հը, ոչ: Ոչ: Ես հավատարիմ եմ և՛ իմ ազգությանը, և՛ իմ հավատքին:
-Մի խոսքով՝ պատրաստվում եք մինչև Ձեր կյանքի վերջ այցելել մնացած 220 -ը:
- Դե ինչքան հնարավոր ա: Ճիշտն ասած՝ մի քիչ հիասթափված ենք ժողովրդի պահանջներից: Ժողովուրդը ուզում ա տաք ջուր,կանալիզացիա, շենք չկառուցեն, չգիտեմ ինչ: Չի ուզում իշխանափոխություն, չի հասկանում, որ ինքը կլիենտ ա: Ժողովրդին իշխանությունը համարում է կլիենտ՝ շաքարավազ առնող, սպառող: Ու փոխանակ ժողովուրդը պահանջի իշխանափոխություն, արդար ընտրություն … էդ վերաբերմունքը հիասթափեցնում է, որովհետև մենք ուզում ենք, որ հայ ժողովուրդը լավ ապրի: Լավ ապրի ազնիվ ձևով, էլի թող ով ուզում է լինի նախագահը, բայց ժողովուրդը նրան ընտրած լինի, ոչ թե ասենք՝ ոչ լեգիտեմ, սարքած, շինծու: Մենք ցանկանում ենք, որ ժողովրդի ընտրությունը լինի, չի՛ հաջողվում: Ժողովուրդը ընտրության ժամանակ սկսում է փող վերցնել, ես անձամբ տեսել եմ դա, ոչ թե դա հեքիաթ է, այլ մասսայական փող են վերցնում:
-Իսկ քաղաքականությու՞նը:
Դե Հայաստանում գիտե՞ք ինչ, ես ուզում եմ պահպանել իմ մաքուր անունը: Եթե ես դնեի իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին, գիտեի՝ ինչ կասեին: Կասեին՝ Րաֆֆի Հովհաննիսյանից ձեն բան ա փախցնում, չգիտեմ, հատուկ, ես, գիտեք ինչ, իմ որդին 11 տարեկան է, ես ուզում եմ, որ նա ... ես ընդհանրապես զարմանում եմ, որ իշխանությունը ... տենց անեծքի տակ ոնց կարելի՞ է ապրել:
-Իսկ Հայաստան վերադառնալով ի՞նչ հասկացաք՝ Հայաստանը աստվածների երկիր չէ՞:
- Մի բան ասեմ միայն ներքուստ չվիրավորվեք, որովհետև ես ինքս եմ ներքուստ վիրավորված: Հային ոչ մի տեղ չեն ճանաչում, որովհետև Ֆրանսիայում ճանաչում են, Եվրոպայում, պերուներում չգիտեն հայն ինչ ա: Մենք հպարտանալու տեղ չունենք:
- Ձեր բացակայության ընթացքում Հայաստանում ինչ ասես չեղավ:
-Ես հետևում եմ քաղաքականությանը … Մաքսային միությունը, բանը ու հիմա, որ հարցնեք՝ ինչ կարծիքի՞ եմ: Ի՞նչ կարծիքի կարելի է լինել մի բանի նկատմամբ, որը մեր որոշումը չի, դա ռուսի որոշումն ա, որին հայը ենթարկվում ա: Գիտեք ինչ, ես չեմ կարող դրա վրա հրճվել:
-Բայց առաջին հայացքից թվում է, որ պետք է պաշտպանեք Մաքսային միությունը :
- Ես չեմ կարող պաշտպանել յուրաքանչյուր երևույթ, որը մեր ընտրությունը չէ: Հիմա Դուք ոնց եք մտածում՝ էդ ինչ եղավ, որ հայը ընտրեց: Ասացին, ենթարկվեց, դա վիրավորական է: Ես ռուսների հանդեպ լավ եմ տրամադրված, միշտ էլ լավ եմ տրամադրված, բայց որ հանգամանքներ կան, որտեղ պարտադրանք կա, ես ըմբոստանում եմ պարտադրանքին: Միավոր է պետք, ասել են՝ «դավայ հավաքվեք մտեք»:
-Իսկ եթե Եվրամիության հետ մտնեինք ՝մե՞ր որոշումը կլիներ:
-Որոշակիորեն այո, որովհետև Եվրոպայից մենք չունենք այնպիսի կախում, ինչպիսին Ռուսաստանից: Եվ Ռուսաստանը շատ է ասում, որ «մենք ենք պաշտպանում Հայաստանը, սահմանը, մենք ենք վիճակը պահում, որ Ադրբեջանը չի հարձակվում»: Փաստորեն կախյալ վիճակ, էլ չեմ ասում՝ գումարայինը:
-Ասացիք՝ հայ ժողովուրդը չի պայքարում, ողջ ամառ քաղաքացիական ակտիվիստները պայքարում էին տրանսպորտի թանկացման դեմ …
-Ի՞նչ ակտիվիստ։ Էդ որ պայքարում են, երբ շենք են կառուցո՞ւմ (էլիտար շինարարության դեմ –Tert.am), չգիտեմ՝ սոցիալական պայմանները լավ չեն, էդ ամեն ինչը շինծու է, էդ իշխանությունն է կազմակերպում, որ իբրև բողոք կա, իբրև թե մարդկանց ոգին չի կոտրվել:
-Իսկ երկրներում, որտեղ եղաք ի՞նչ իշխանություններ էին, ի՞նչ՝ ժողովուրդ: Չկա՞ր անարդարություն, իշխանությունների լուծ:
- Դե համենայնդեպս, հողը արտասահմանցիներին չէին վաճառում, Լատինական Ամերիկան պայքարում ա Միացյալ Նահանգների դեմ, իսկ մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում: Մենք մեր պետության մեջ չենք կարողանում պայքարել, մենք արդարություն չունենք: Արդար պետք է լինեն ընտրությունները, ոչ թե պետք է գրեն, գծեն, ճամփեն: Ոչ թե պետք է միայն Հանրապետական կուսակցությունը գոյատևի:
-Եվ վերջում, այնտեղի կանանց մասին ի՞նչ կարող եք ասել: Հարցս պատահական չէ, որովհետև Դուք այն մարդն էիք, որ հեռուստատեսությամբ կատարում էիք «Ах, какая женщина!» երգը:
- Կինը կապ չունի ազգության հետ, կինը մեծություն է: Դուք էլ կին, աղջիկ եք, ես միշտ մեծարել եմ կնոջը, որովհետև կինը հա՛մ մայր է, հա՛մ քույր է, Էնպես որ խնդիր չկա:
- Ո՞ր ն է լինելու Ձեր նախընտրած աշխարհագրական հաջորդ լայնությունը:
- Երբ որոշեմ առաջինը Ձեզ կտեղեկացնեմ: