ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային շրջանի դատախազությունը հայտնել է խարդախության խոշոր դեպքի բացահայտման մասին: Դատախազությունը հայտնել էր, որ այս խադախության մեջ ներգրավված են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի ու Ուզեկստանի քաղաքացիներ:

 

Այս խարդախության կապակցությամբ արդեն 4 քրեական գործ է բացվել, որոնց մեջ ներգրավված է 54 մարդ, որոնցից 22-ն արդեն ձերբակալվել են Լոս-Անջելես, Սան-Դիեգո, Լաս-Վեգաս քաղաքներում, ինչպես նաև Մերիլենդ նահանգում: Հանցագործներից 33-ը փախուստի մեջ են գտնվում, իսկ նրանցից 21-ը լքել են ԱՄՆ-ն: Անցյալ շաբաթ իշխանությունները խուզարկումներ են կատարել, որոնց ընթացքում հայտնաբերվել է 13 000 դոլար կանխիկ գումար, չորս ատրճանակ, որոնցից 3-ը՝ չգրանցված:

 

Առաջին գործը կապված է շուրջ 2000 հոգու անձնական տվյալների առևանգման հետ: Հանցագործները այս մարդկանց անունից պահանջել են հարկային ծառայություններից հետ վերադարձնել իրենց կողմից վճարված 17 միլիոն դոլարի հարկային վճարումները: Չնայած այն բանին, որ հարկային ծառայությունները մերժել են այս դիմումը, սակայն այնուամենայնիվ 7 միլիոն դոլար հետ է վճարվել: Երբեմն վերադարձվում են նաև մեռած մարդկանց հարկերը: Այս գործով կա 29 մեղադրյալ: Հայտնի է դարձել նաև, որ խարդախների խումբը այս գործին են կցել նախկին ԽՍՀՄ-ից J-1 և J-2 վիզաներով Սան-Դիեգո մեկնած երիտասարդների:

 

Հաշվի առնելով այն փաստը, որ նման վիզաներով մարդիկ կարճատև են մնում ԱՄՆ-ում, նրանք օգտագործել են վերջիններիս ծառայությունից՝ բանկային հաշիվներ բացելու, փոստային արկղներ վարձելու ու վճարային քարտեր ձեռք բերելու համար: ԱՄՆ եկած հյուրերը փոխանցել են այս գումարները խարդախների խմբին ու փոխարենը որոշակի գումար ստացել: Այս խմբավորման ղեկավարներն են Լոս-Անջելեսի 32-ամյա բնակիչ Արթուր Գրիգորյանը, 30-ամյա Էռնեստ Սոլոյանը ու 34-ամյա Հովհաննես Հարությունյանը: Նրանք հայտնի են Քոռ, Մո, Պոնչ, Պոնչիկ, Հովո, Օձ, Անակոնդա, Կոբրա մականուններով:

 

Երկրորդ գործով մեղադրվում է երեք մարդ, ովքեր կեղծ հայտարարագիր են ուղարկել հարկային ծառայություն՝ ավելի վաղ անձնական տվյալներն առևանգած շուրջ 400 մարդկանց անունից: Երրորդ գործը վերաբերում է 8 հոգու, որոնց ղեկավարը հանդիսանում է 38-ամյա Հովակիմ Սողոմոնյանն ու 39-ամյա Հարություն Գևորգյանը: Նրանք Wells Fargo բանկի հարուստ հաճախորդների անունից ու անձնական տվյալներով հատուկ նախապատրաստված անձանց ուղարկել են բանկ ու խոշոր գումարներ փոխանցել՝ ոմն ոսկու առևտրականի բանկային հաշվեհամարի վրա:

 

Հանցագործները փորձել են նման կերպով ստանալ 3 միլիոն դոլար, սակայն իրականում նրանց հաջողվել է ստանալ միայն 551 հազար: Չորրորդ գործով 18 մարդ է մեղադրվում՝ 35-ամյա Կարեն Գալստյանի ու 32-ամյա Վահագն Ստեփանյանի գլխավորությամբ: Նրանք մեղադրվում են չեկեր դուրս գրելու ու Bank of America բանկից ավելի քան 600 000 դոլար առևանգելու մեջ: 

 

Աղբյուրը` shamshyan.com