Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վճռական է տրամադրված Վիլնյուս գնալու եւ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու հարցում: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը կարողացել է որոշակի փոխզիջման հասնել Եվրոպայի հետ:
Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ մի քանի հատկանշական պահ կա, մասնավորապես՝ մեղադրանքը Եվրոպայի հասցեին, որը, ինչպես Սարգսյանն է ասում, չի համաձայնվում ստորագրել ասոցիացիան Մաքսային միություն մտնելու համաձայնությունից հետո: Փաստորեն, Սարգսյանը պնդում է, որ «պայմանավորվածությունները» խախտել են ոչ թե Ռուսաստանն ու Հայաստանը, այլ Եվրոպան: Սակայն, ստացվում է, որ Հայաստանը կարող է «ներել» Բրյուսելին, եթե վերջինս համաձայնվի ստորագրել Հայաստանի հետ միայն ասոցիացիայի քաղաքական մասը:
Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ քաղաքական ասոցիացիան Հայաստանում Եվրոպայի կողմից բարեփոխումների ֆինանսավորումն է: Նա գիտի, որ Մաքսային միության մասով Հայաստանը ոչ մի շահ չունի եւ փորձում է գոնե ֆինանսական հոսքերը պահել Եվրոպայից: Այսինքն, Հայաստանի իշխանության համար Եվրոպայի հետ «քաղաքական» ասոցիացիան տնտեսապես ավելի ձեռնտու է «Ազատ առեւտրի գոտուց», որին համապատասխանելու համար Հայաստանը ստիպված էր լինելու կատարել քայլեր, որոնք դեմ են օլիգարխների շահերին: Իսկ քաղաքական ասոցիացիայի շրջանակում միայն դրամաշնորհներ են լինելու:
Բրյուսելն, անկասկած, հասկանում է այս հանգամանքը, այդ պատճառով չի շտապում համաձայնվել Սերժ Սարգսյանի հետ, չնայած չի էլ հերքում համաձայնագրի ստորագրման հավանականությունը: Սակայն ակնհայտ է, որ Բրյուսելը հենց այնպես փողեր չի տա, հնարավոր է՝ դրամաշնորհային ձեւաչափը փոխարինվի վարկայինով: Չնայած, չի բացառվում, որ առավել «խորամանկ» ձեւաչափ գտնվի: