ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար, Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասաց, որ նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ նման ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,– ասաց Արման Սաղաթելյանը: