Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները ստանձնեց փաստաբանական համայնքի նորընտիր ղեկավար Արա Զոհրաբյանը: Նա ընտրվել էր ՓՊ նախագահ սեպտեմբերի 14-ին անցկացված ընտրությունների արդյուքնում՝ ստանալով 913 քվեարկության մասնակիցներից 713-ի վստահության քվեն:
ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին 8 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար:
ՓՊ առաջին նախագահը շնորհակալություն հայտնեց նաև միջազգային կառույցներին՝ USAID-ին, ABA-ի, Եվրամիության, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին, Արդարադատության նախարարության աշխատակիցներին, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին համագործակցության համար՝ կարևորելով մասնավորապես ոստիկանության և փաստաբանների պալատի միջև կնքված հուշագիրը:
Ռ. Սահակյանը նշեց, որ խնդիրներ շատ կան, որոնք պետք է լուծվեն և հույս հայտնեց, որ կառավաությունը կաջակցի այդ խնդիրների լուծմանը: Ռ. Սահակյանը գոհունակություն հայտնեց, որ հետխորհրդային տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ստեղծվեց Փաստաբանական դպրոց և հոկտեմբերի 6-ին Դպրոցի առաջին շրջանավարտները կստանան իրենց արտոնագրերը: «Դպրոցը կայացման ճանապարհին է ու դեռ կկայանա»,-ասաց Ռ. Սահակյանը հավելելով՝ հանգիստ խղճով եմ թողնում ՓՊ նախագահի պաշտոնը և ուրախությամբ հանձնում այն Պալատի նորընտիր նախագահին:
Մինչ Արա Զոհրաբյանի կողմից լիազորությունները ստանձնելը հնչեց փաստաբանների օրհներգը և դահլիճ բերվեց ՓՊ նախագահի խորհրդանիշը՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ն:
Արա Զոհրաբյանը՝ ստանձնելով իր լիազորությունները, շնորհակալություն հայտնեց ՓՊ նախագահի ընտրություններին մասնակցած բոլոր փաստաբաններին և վերահաստատեց նախընտրական փուլում հայտնած իր դիրքորոշումն այն մասին, որ իր նախընտրական ծրագիրը պայմանագիր է իր և իր ընտրողի միջև: Նա միաժամանակ կոչ արեց ընտրողներին լինել պահանջատեր, ինքն իր կողմից խոստացավ բարձր պահել ՓՊ-ի նախագահի պատիվը, ջանք ու եռանդ ներդնել ապահովելով՝ փաստաբանության ինստիտուտի հետագա զարգացումը:
Ա. Զոհրաբյանը հրապարակեց Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում իր առաջին որոշումը՝ ՓՊ առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը պարգևատրվեց «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով՝ ՀՀ փաստաբանների պալատի հիմնադրման և բազմամյա փաստաբանական գործունեության ընթացքում ներդրած ավանդի համար: