Ապրիլի 10-ին Տաշքենդում՝ Ուզբեկստանի խորհրդարանի վերին (սենատի) եւ ստորին (օրենսդիր) պալատների համատեղ նիստի ընթացքում, տեղի Է ունեցել հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի պաշտոնակալման արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նիստերի դահլիճում ներկա են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի դատավորները, Տաշքենդում հավատարմագրված դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալիմովը Քարիմովին Է հանձնել Ուզբեկստանի նախագահի վկայականը:

 

Այնուհետեւ պետության ընտրված ղեկավարը, միաժամանակ ձեռքը դնելով Սահմանադրության եւ Ղուրանի վրա, երդում Է տվել՝ պարտավորվելով «խստորեն հետեւել Սահմանադրությանը եւ հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքններն ու ազատությունները»:

 

Ապրիլի 6-ին ԿԸՀ-ն ամփոփել Է մարտի 29-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնցում Իսլամ Քարիմովը հավաքել Է ձայների 90,39 տոկոսը՝ ընտրողների 91,08 տոկոս մասնակցության դեպքում: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ձայնի իրավունք ունեցող 20,798 մլն ընտրողներից ընտրություններին մասնակցել են 18,942 միլիոնը: Ընտրություններն անցել են 9058 տեղամասերում, այդ թվում 44-ը՝ 36 երկրներում Ուզբեկստանի ներկայացուցչություններին առընթեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: