Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ:

 

Սիրելի ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի' Ուսուցչի օրվա առթիվ, իսկապես համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում' որպես խորին հարգանքի դրսեւորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ: Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում:

 

Դա մի դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարեւոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձեւավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, եւ այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին' նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ, թանկագին ուսուցիչներ:

 

Վստահ եղեք, ձեր խնդիրները միշտ գտնվում են ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն ու գիտությունը հանդիսանում է մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկն է: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ' ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին:

 

 Ուսուցչի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել. Սաշա Ավանեսյանին ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, Ժորա Մարգարյանին ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն, Անահիտ Պողոսյանին Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն: