Քրեակատարողական հիմնարկներում կալանավորներն ազատության մեջ կհայտնվեն վաղվանից: Այս մասին Tert.am-ին ասաց Ադարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
«ՔԿՀ անձնակազմերի ընդհանուր ժողով է եղել և որոշվել է, որ այն անձինք, ում վրա տարածվում է համաներումը, կազատվեն հոկտեմբերի 8-ից»,- ասաց Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ ազատազրկման վայրերում մինչ այդ կատարվել են պատժաչափերի կրման հետ կապված հաշվարկներ:
Ի պատասխան հարցի, թե 9.1 կետով (որով նախատեսվում է համաներումը չկիրառել' «կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ») քանի՞ անձի նկատմամբ չի տարածվում համաներումը, այսինքն՝ քանիսն են կարգապահական տույժի ենթարկվել ինչ-ինչ զանցանքների համար, Գոռ Ղլեչյանը նշեց՝«ոչ մեկի»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընդունված համաներման մասին ԱԺ որոշումից հետո Արդարադատության նախարարը հայտարարել էր, որ եթե «2011-ին համաներումն ազդել է հազար երկու հարյուր կալանավորի վրա, այս անգամ՝ գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է»: