Սույն թվականի հոկտեմբերի 8 - 9-ըԵրևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:

 

ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:

 

Փաստաթղթում մասնավորապես նշված է.

 

-մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների' անձի խոսքի, ազատության իրավունքի' ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը,

 

-դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը:

 

ԵԴԽԽ լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան:

 

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը մասնավորապես նշեց. «Քննարկվող փաստաթուղթը կոչված է ապահովել հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, իսկ մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր կարծիքը ունենալու և արտահայտելու ազատության, զանգվածային լրատվության գործառույթի' հանրությանը իրազեկել գործի քննության ընթացքի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև։Մեզ համար չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը' դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման, վստահության ռեսուրսի ամրապնդման, քրեական քաղաքականությանը հասարակության աջակցման գործում:

 

Այս հավասարակշռության ապահովումն անհրաժեշտ է մեկ ընդհանուր վերջնանպատակի, այն է'մարդու իրավունքների և հիմնական ազատությունների անվերապահ ապահովման համար»:

 

Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ:

 

Լիագումար նիստի անցկացումը Երևանում հատկապես կարևորվում է Եխ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:

 

ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին: Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երևանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին' «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով' արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը' «Երևանի Հռչակագիրը»:

 

ԵԴԽԽ-ն ստեղծվել է 2005թ.' ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ և հանդիսանալով ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին' կոչված է Քրեական Գործերով Եվրոպական Կոմիտեի համար մշակել Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եզրակացություններ' հանձնարարականի կատարմանը նպաստելու և Եվրոպայի դատախազական համակարգերի գործառույթների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին:

 

Մինչ այժմ ԵԴԽԽ-ի կողմից ընդունվել է 7 կարծիք'

1. «Քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման միջոցները»

2. «Քրեական հետապնդման այլընտրանքները»

3. «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս»

4. «Բորդոյի հռչակագիր»

5. «Երեւանի հռչակագիր»

6.«Դատախազների եւ քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ»

7. «Դատախազական ծառայության ռեսուրսների կառավարում»