«Հրապարակ» «Օրերս աշխատանքից ազատվել է ոստիկանության պահպանության վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը և ուղարկվել կադրային ռեզերվ։ Վերջինիս պաշտոնանկության պատճառը, ինչպես նշում են, բացահայտված մեքենայություններն ու չարաշահումներն են։ Ասում են՝ բացահայտվել է, որ նա գրանցել է աշխատողներ, բայց աշխատավարձն ինքն է ստացել, այս առիթով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՔԾ։ Սակայն ոստիկանության լրատվությաև վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ կադրային փոփոխությունը կառուցվածքային փոփոխությամբ է պայմանավորված։ Նշենք, որ նա 18 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսին մենք գրել էինք, որ ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում։ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանը և նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանը միմյանց հետ մրցում են իրենց ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։ Քեհեյանը ձգտում էր վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի պաշտոնն զբաղեցնում է Գասպարյանի մտերիմը։ Գրել էինք նաև, որ Քեհեյանը ոստիկանության ղեկավարության մասին բացահայտ դժգոհություններ է հայտնում։ Համակարգում խոսում էին, որ հնարավոր է առաջիկայում Քեհեյանի գործունեությունը հայտնվի ոստիկանության ներքին անվտանգության վարչության ուշադրության կենտրոնում։ Ասում են, որ բացահայտումներն իրականացվել են հենց այդ վարչության կողմից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: