ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի պատվիրակությունների ղեկավարներ Ռոբերտ Վոլտերը և Պինո Արլաչին հինգշաբթի օրը տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և արդար:

 

«ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի պատվիրակությունները հրավիրվել են Ադրբեջանի կառավարության կողմից նախագահական ընտրություններին հետևելու համար: Մենք պատվիրակության անունից շնորհավորում ենք ադրբեջանցի ժողովրդին խաղաղ անցկացրած քվեարկության կապակցությամբ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ. մեջբերում է Trend-ը: Քվեարկության օրը ընտրազանգվածների վրա ճնշումներ չեն գրանցվել, ասված է հաղորդագրության մեջ:

 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին կոչ է արել չեղյալ ճանաչել նախագահական ընտրությունները և նոր քվեարկություն անցկացնել: Հասանլիի խոսքերով' ընտրությունները արդար չեն եղել, գրանցվել են ընտրախախտումներ, իսկ հեռուստաընկերությունների վրա միշտ առկա է եղել պետական հսկողություն:

 

Նշենք, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով' գործող նախագահ Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84.59%-ը, իսկ ընդդիմադիր Հասանլին' 5.54%: