Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում' նախագահությամբ Մխիթար Պապոյանի, մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ՝ ամբաստանյալ Արման Գիվարգիզովի պաշտպան Մարինե Թովմասյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանի բացակայության պատճառով:

 

Պաշտպանը դատարանին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել էր, որ չի կարող ներկայանալ նիստին, իսկ ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանի բացակայության պատճառը, ինչպես վերջինիս պաշտպանը հեռախոսազանգի միջոցով պարզեց, նիստի օրը շփոթելն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արման Գիվարգիզովը, երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի' ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին խաբեությամբ' հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար մինչև մարտի 19-ը հավաքագրել է և նրանց շահագործել' ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

 

Գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ալբերտ Հովհաննիսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահասներ Միսակ Բասեյանի և Արարատ Կիրակոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված' Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշի զգալի չափերով գույքի գողությունը: Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»