Երևանի 2795-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք ոլորտներում բազմամյա և ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգևատրել է քաղաքապետի ոսկե մեդալով:
Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և երևանցու բարօրությանն ուղղված ներդրման համար:
«Սիրելի քաղաքի ծննդյան օրը կրկնակի տոն է բոլոր նրանց համար, ովքեր իրենց ամենօրյա նվիրված աշխատանքով արել ու անում են հնարավորը, որ Երևանն ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ ու ավելի լավը դառնա: Եվ որ ամենակարևորն է, բոլոր այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր տեղում, իր աշխատանքն արել ու անում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստահ եղեք, որ նման նվիրումը և աշխատանքը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը՝ երաժշտության բնագավառում բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար:
Քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին՝ Երևան քաղաքում առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և անմնացորդ աշխատանքի համար:
Լրատվության բնագավառում նշանակալի անվանդի և անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակից Տիգրան Լիլոյանը:
Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, մշակույթի բնագավառում բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Երևան քաղաքում շինարարության բնագավառի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալի է արժանացել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
Թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դոցենտ Մարգարիտա Մնացականյանը:
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի պարուսույց Հովհաննես Խաչիկյանը ևս պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով՝ պարարվեստի բնագավառում մատուցած ծառայությունների և երկարամյա վաստակի համար:
Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը պարգևատրվել է քաղաքապետի ոսկե մեդալով հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում երկարամյա վաստակի համար:
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով հրապարակախոսական, հասարակական, գրական լայն գործունեություն ծավալելու և ստեղծագործական մեծ վաստակի համար պարգևատրվել է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Գեղագիտական դաստիարակության բնագավառում բազմամյա վաստակի և արգասաբեր գործունեության համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեղագետ Յակով Խաչիկյանը:
Պարգևատրվածներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին գնահատանքի և ուշադրության համար՝ հատկանշելով, որ պարգևը պարտավորեցնում է ավելին անելու սիրելի մայրաքաղաքի՝ Երևանի համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն