Այսօր կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացրել  մայրաքաղաքի Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները: Այս մասին գրում է ԳԱԼԱTv-ն և նշում, որ ակցիայի մասնակիցները լրատվամիջոցի լրագրողի հետ զրույցում հայտնել են, որ տարիներ շարունակ իրենց խնդիրը լուծում չի ստանում: «Այս ամենի հետեւում կանգնած է եղել Երվանդ Զախարյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանք մեզ խոստում տվեցին, որ անտուն չենք մնա, բայց ինչ եղավ, նրանք հիմա չկան, իսկ այս կառավարությունն ու Տիգրան Սարգսյանը որեւէ քայլ ձեռնարկել չի ցանկանում»,- դժգոհել են բնակիչները:

 

Նրանք պատմել են, որ  իրենց վստահեցրել են, թե կարճ ժամկետում իրենց բնակարանները կկառուցեն եւ նույն վայրում նոր բնակարան կհատկացնեն, սակայն առ այսօր խնդիրը լուծում չի ստանում: Հայտնել են նաև, որ իրենց տարածքները պետության կողմից ճանաչվել են գերակա շահ եւ օտարվելու ենթակա են:

 

Բնակիչներից մեկը պատմել է, որ կարմիր բերետավորները իրենց գիշերով դուրս են հանել, մի մասին` ծեծելով:

 

Ակցիայի մասնակիցներից մեկի վիճակը կտրուկ վատացել է: Ոստիկանները նրան օգնություն են ցուցաբերել:Ժամանել է նաև շտապօգնության մեքենան և  տեղափոխել հիվանդանոց:

 

 

 

Տեսանյութը` Առաջին լրատվականի: