Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է տարածված լուրերն այն մասին, թե հեռանալով քաղաքականությունից' ինքը ղեկավարելու է երկիրը կուլիսների հետևից: Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին ֆրանսիական France-Presse գործակալությանը, ինքը դրանում ոչ մի տրամաբանություն չի տեսնում:

 

«Ես տրամաբանություն չեմ տեսնում կուլիսների հետևից երկիրը ղեկավարելու որոշման մեջ, և, բնականաբար, չեմ պատրաստվում նման բան անել»,-ասել է վարչապետը:

 

Իվանիշվիլին հարցազրույցի ժամանակ նաև հայտարարել է, որ Միխայիլ Սաակաշվիլին քաղաքական դիակ է և իր նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո կկանգնի դատարանի առջև:

 

«Սաակաշավիլին քաղաքական դիակ է: Նա այլևս քաղաքական ապագա չունի Վրաստանում»:

 

Իվանիշվիլին նաև հավելել է, որ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո նախագահի երդմնակալության արարողությունից 1 շաբաթ անց ինքը հրաժարական կտա:

 

«Երդմնակալության արարողությունից հետո ես մինչև նոյեմբերի 24-ը հրաժարական կտամ»,-ասել է Իվանիշվիլին: