Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00- ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Վահագնի թաղամասի դիմաց, բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 90 PP 770 համարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 19 ՕՍ 341 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված էլեկտրսյանը և կողաշրջվել է:

 

Դեպքի վայր ժամանած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, երկու ժամից ավելի, հատուկ տեխնիկայի միջոցով փորձում էին կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս հանել վիրավոր տարեց կնոջը:

 

Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ' Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր Երևանի ՃՈ աշխատակիցների հետ չէին կարողանում, հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնել վթարի վայրից, որպեսզի փրկարարները կարողանային ազատ աշխատեին:

 


Փրկարարների հետ աշխատում էին նաև, կարճ ժամանակում վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը, ովքեր անընդհատ, տեղում օգնություն էին ցուցաբերում վիրավորներին : Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Ում հանձնարարականով, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: