Մինչ լրատվամիջոցների ներկայացուցիչներս ու հասարակությունը շունչները պահած հետեւում ենք դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակին ու հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից սպրդող դերասանի կատակներին, նրա մասնակցությամբ վթարի արդյունքում մահացած երկու պատանիների ընտանիքները ցնորության եզրին են: Երեկ մեր առաջին էջում տպագրված լուսանկարն ու մաղթանքը՝ առողջություն Վարդան Պետրոսյանին, հարուցել էր ոմանց զայրույթը:
Մեզ զանգահարած աշտարակցիներն ասում էին, որ վթարի արդյունքում երկու պատանի է մահացել, իսկ մենք անհանգստանում ենք վթարի պատճառ դարձած անձի որպիսությամբ: Այո՝ մենք, լրագրողներս, միայն արձանագրեցինք վթարի փաստը, որ 2 հոգի մահացել է, եւ վազեցինք հիվանդանոց Վարդանի վիճակի մասին հետաքրքրվելու: Չէ՞ որ սիրված ու հայտնի դերասանն առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ բնական է, որ նրա հանդիսատեսը պետք է անհանգստանա նրա վիճակով:
Բայց չէ՞ որ դիմացը հասարակ մի ընտանիք է, որոնց ցավին գումարվել է հասարակ մարդու նկատմամբ լրատվամիջոցների անտարբերության փաստը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին: Դեռեւս չհաստատված վարկածով, Վարդան Պետրոսյանն իր BMW մակնիշի մեքենայով հետեւից հարվածել է «Նիվային», ինչը հստակ երեւում է նաեւ վթարի վայրից արված լուսանկարներից: Թեեւ նրա մեղավորությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվում՝ թերեւս միայն այն պատճառով, որ նա հայտնի դերասան է, սակայն Աշտարակում խոսում են, որ նա 160 արագության տակ է վարել մեքենան:
«Նիվայում» 6 հոգի է եղել՝ երկու եղբայրներ, որոնք իրենց երեխաների հետ վերադառնալիս են եղել Ծաղկաձորից: Վթարի հետեւանքով եղբայրների 16-ամյա որդիները' Էդուարդն ու Էդգարը մահացել են, Էդուարդի քրոջ' Տաթեւի վիճակը դեռեւս ծանր է, նա բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ ունի: Ապաքինվելը հրաշք կհամարվի' ասում են: Հիվանդանոցում են նաեւ երեխաների հայրերը, որոնցից մեկի վիճակը նույնպես ծանր է, երկու վիրահատության է ենթարկվել, ողնաշարը մի քանի տեղից կոտրվել է: Եվ մեծ է հավանականությունը, որ սայլակին գամված կմնա:
Վթարից հետո միայն Էդգարի քույրը' Էմման է սթափ եղել, նա գրեթե վնասվածքներ չի ստացել եւ մինչ օգնության ժամանելը, ինքն է փորձել եղբայրներին դուրս բերել մեքենայից: Աղջկա ընկերուհին մեզ պատմեց, որ, ճիշտ է՝ Էմման ֆիզիկապես լավ է, դուրս են գրել հիվանդանոցից, սակայն հոգեպես չափազանց վատ վիճակում է, որովհետեւ տեսել է ամեն ինչ եւ փորձել վիրավորված եղբայրներին ու քրոջը դուրս բերել մեքենայից:
Առավել ծանր է Էդգարի եւ Էմմայի մոր վիճակը, նա կորստից կորցրել է իրեն, հոգեկան շատ ծանր վիճակում է գտնվում: Իրենց պատկանող հարսանյաց սրահն էլ ուզում է սգո սրահի վերածել, որովհետեւ, իր խոսքով, իր տան լույսը մարել է, էլ ինչի՞ն է պետք հարսանյաց սրահը:
Շոկի մեջ են նաեւ բարեկամներն ու հարազատները: Մահացած երեխաներին դեռ չեն հուղարկավորել, արտասահմանից եկող բարեկամի են սպասում: Աշտարակցիները, որ շատ դրական էին խոսում տուժած ընտանիքի մասին, մխիթարանքի խոսքեր չէին գտնում ասելու: Մենք էլ ենք ցավակցում զոհերի հարազատներին եւ խաղաղություն ենք մաղթում զոհվածների հոգիներին:
Լուսանկարում Տաթևիկ Հակոբյանն է։
Լուսանկարում Էդգար և Էմմա Հակոբյաններն են։
Սոնա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Mediamall.am-ի անձնակազմը իր խորին ցավակցություններն է հայտնում զոհերի հարազատներին, ծանոթ-բարեկամներին: Աստված թող լուսավորի նրանց հոգիները: