Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն մակագրվել է 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործը:
Մեղադրական եզրակացության համաձայն' 26-ամյա Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է: Բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը' բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս /3 հատոր/:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1.2 կետի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:
Հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը շենքի թիվ 8 բնակարանի հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել էր 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը' պարանոցը կտրած վիճակում:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշանակվել էին փորձաքննություններ: