Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի բարձրացումը չի նպաստի կոռուպցիայի վերացմանը: Այս մասին ԱԺ այսօրվա նիստին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

 

«Դատավորները ստանում են բարձր աշխատավարձ, բայց դա չի վերացնում կոռուպցիան այդ ոլորտում»,- ընդգծել է Արամ Մանուկյանը:

 

«Նշենք, որ երեկ տեղի ունեցած ԱԺ հերթական նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացրած՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը: Փաթեթի քննարկումը շարունակվեց նաև այսօրվա նիստին: Արամ Մանուկյանը նաև նշեց, որ աշխատավարձի բարձրացումը գնաճի պատճառ է դառնալու»,-գրում է Տեսադաշտ լրատվականը և մեջբերում. «Այն մոտեցումը, որ գնաճը չի ազդելու խոցելի խմբերի վրա, չի համապատասխանում իրականությանը: Լարվածության առումով խոցելի շերտերի բեռի ավելացման առումով բացասական արդյունք է տալու»,- ասել է Արամ Մանուկյանը։

 

ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն էլ ասել է. «Անխուսափելի է այս փաստաթղթի ընկալումը, այլ կերպ, քան որպես քաղաքական փաստաթուղթ»:  Հարությունյանը կողմ է, որ դատական իշխանությանը այլ դերակատարություն պետք է տալ, սակայն համաձայնելով Մանուկյանի հետ, նշել է, որ միայն աշխատավարձի բարձրացումով չէ, որ կոռուպցին կվերանա: «Պետք է բովանդակային առումով ևս փոփոխություններ կատարվեն, ոչ միայն աշխատավարձի բարձրացումով»,- ասել է նա: