Ամերիկյան The Washington Post թերթի կայքի «Կարծիքներ» բաժնում հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեհեմը մեկնաբանել են ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունը' կարծիք հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարտություն է կրում Մերձավոր Արևելքում' դրանով իսկ վտանգի տակ դնելով այնտեղ առկա ԱՄՆ շահերը.

 

«ԱՄՆ քաղաքացիները պետք է ծանոթանան նոր հաշվետվությունների հետ, որոնք հայտնվել են առաջատար տեղեկատվական աղբյուրներում, որոնցում նշված է Մերձավոր Արևելքում առաջնորդի դերից Օբամայի վարչակազմի կողմից հրաժարվելու և ԱՄՆ ազգային անվտանգության շահերի վրա լուրջ հետևանքների մասին:

 

ԱՄՆ-ի անհաջողություններն ավելի ակնառու դարձրեց Սիրիական ազատ բանակի ու Սիրիայում չափավոր ընդդիմադիր ուժերի հանդեպ (ամերիկյան) վարչակազմի անփույթ վերաբերմունքը:

 

Օվալաձև կաբինետում նախագահ Օբաման մեզ հստակ հասկացնել տվեց, որ Սիրիայի հանդեպ իր ռազմավարությունը կայանում է նրանում, որ թուլացնի (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի վարչակազմի պոտենցիալը, ուժեղացնի չափավոր ընդդիմության պոտենցիալը և ազդակը փոխադրել մարտադաշտ, ինչն ընդհանուր առմամբ պետք է հանգեցնի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը և ղեկավար պաշտոնից նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացմանը:

 

Այդ ժամանակից ի վեր' մենք չենք տեսել որևէ վկայություն, որ նախագահը կատարի իր խոստումները: Իրականում Ասադն ու նրա ուժերը շարունակում են ահաբեկչական գործունեություն ծավալել Սիրիայի ժողովրդի հանդեպ, իսկ (լիբանանյան) «Հզբոլլահը» և Իրանը շարունակում են նրան հատկացնել ռազմական օգնություն և մատակարարել զինյալներ:

 

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որը շարունակում է օգնել Ասադին պատկանող քիմիական զենքի ոչնչացմանը, չի դադարում նրա բանակին հատկացնել սովորական զենք, որը կիրառվում է Սիրիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներին ոչնչացնելու համար: Հանգամանքները բավական տարօրինակ են: Ակնհայտ է, որ Սիրիայում ներկայումս առկա է միջկրոնական հակամարտություն, որը տարածվում է հարևան երկրների վրա' սպառնալիքի տակ դնելով ԱՄՆ ազգային անվտանգության ու մեր մերձակա գործընկերների շահերը:

 

Դրանով իսկ մենք գործնականում որևէ հույս չունենք, որ այդ հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով, ինչի վերաբերյալ բանակցությունները պետք է նոյեմբերին տեղի ունենան Ժնևում: Ամենավատն այն է, որ Սիրիայում ԱՄՆ-ի անհաջողությունները հանդիսանում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հեղինակության առավել մասշտաբային կորստյան մասնիկը: Ինչպես նշված է ոչ վաղ անցյալում հրապարակված զեկույցում, Իսրայելն ու Պարսից ծոցում մեր գործընկեր երկրներն արդեն իսկ չեն հավատում այդ տարածաշրջանում վարչակազմի դիվանագիտական քաղաքականության կարողությանը, պոտենցիալին ու իմաստնությանը: Մասնավորապես, ներկայումս կտրուկ վատթարանում են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, ինչը վնասում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման ամենավառ վկայությունը հանդիսանում է ոչ վաղ անցյալում ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամությունից հրաժարվելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի կայացրած որոշումը:

 

Ոչ վաղ անցյալում հրապարակված հաշվետվության համաձայն, Սաուդյան Արաբիայի հետախուզության ղեկավար, արքայազն Բանդար բին Սուլթանը դիվանագետներին հայտնեց, որ այդ որոշումը եղել է «ուղերձ ոչ թե ՄԱԿ-ին, այլ' ԱՄՆ-ին»: Մենք նաև կիսում ենք այն մտավախությունը, որը հայտնել են մեր իսրայելցի ու արաբ գործընկերները, որոնք վախենում են ներքաշվել Իրանի իշխանությունների հետ տևական բանակցություններում, որոնք արդեն իսկ դարձել են Թեհրանի սիրելի մարտավարությունը: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ հետաձգենք նոր պատժամիջոցների սահմանումը, սակայն միայն այն դեպքում, եթե Իրանը կանգնեցնի ուրանի հարստացման իր գործունեությունը:

 

Մենք չպետք է հաշտվենք նրա հետ, որ ցենտրիֆուգները շարունակեն գործել դիվանագիտական բանակցություններ վարելու շրջանում: Ներկայումս ԱՄՆ-ը վերապրում է Մերձավոր Արևելքում իր քաղաքականության լուրջ ձախողում և հեղինակության կորուստ: Այդ տարածաշրջանի իրադարձությունները զարգանում են վտանգավոր ուղղությամբ, և մենք ունենք բավական քիչ պատճառներ' կարծելու համար, որ Օբամայի վարչակազմն ունի պատրաստի ռազմավարություն, որն ունակ է պաշտպանել ԱՄՆ-ի շահերն ու արժեքներն աշխարհի այդ չափազանց կարևոր հատվածում»:

 

168.am