Նախօրեին Միխեիլ Սաակաշվիլիիի հետ հանդիպած և նրա հետ բանավեճի բռնված ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ իրականում Վրաստանի հեռացող նախագահին դատի տալու պատրաստ սուբյեկտները, ոչ թե 3 են, այլ Վրաստանի 80 տոկոսը:

 

«Իրականում այսօր ամբողջ Վրաստանն էլ ուզում է իրեն դատի տալ, Վրաստանի 80 տոկոսը, բացի մի քանի տասնյակ իր թիմակիցներից, իր գործած անօրինականությունների համար իրեն ուզում է տեսնել ճաղերի հետևում: Էնպես չէ, որ մենակ մենք ենք ցանկանում»,-ասաց Վահագն Չախալյանը:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը, մեկնաբանելով այդ հանդիպումը, հայտարարել էր, որ իրեն ցանկանում են դատի տալ երեք մարդիկ՝ Պուտին-Մեդվեդևը, Իվանիշվիլին և Չախալյանը:

 

Իսկ Վրաստանի հեռացող նախագահը, ըստ Վահագն Չախալյանի, իր' «Դուք նստելու եք» արտահայտությանը նման մեկնաբանություն տալով, ուզում է ակնարկել, որ իր հեռացումը ցանկանում են դրսի ուժերը:

 

«Այսինքն' փորձում է արտաքին աշխարհին ներկայացնել, որ հրահրողներ կան, դրա համար են տեղի բնակիչներն այդպես խոսում»,-ավելացրեց ջավախահայ ակտիվիստը:

 

Նա նկատեց, որ ինչու՞ ոչ, կարելի է Սաակաշվիլիի ասածին մոտենալ նաև հումորով: