Այսօր «Ժողովուրդ» և «Առավոտ» օրաթերթերում Ծառուկյանի մասին հրապարակված հոդվածների վերաբերյալ Hartak.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից:

 

Թղթակցի այն հարցին, թե այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հոդված կար այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը համարվում է ամենաազդեցիկ գործարարներից մեկը, սակայն հարկ վճարողների ցուցակում իր ձեռնարկությունները 300, 400-ական տեղերում են, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը գործարար չէ ու արդեն շատ վաղուց: Ծառուկյանը զբաղվում է քաղաքական ու պետական գործունեությամբ: Նա պարզապես սեփականատերն է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի, որի կազմի մեջ մտնում են առանձին-առանձին այն ձեռնարկությունները, որոնց մասին Դուք ասում եք: Իսկ ընդհանուր առմամբ «Մուլտի Գրուպի» հարկային և առհասարակ գործունեության վերաբերյալ կարող եք հարց ուղղել «Մուլտի Գրուպին» կամ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին»:

 

Հարցին, թե տարածված կարծիքի համաձայն` Ծառուկյանը կամ «Մուլտի Գրուպը» այդ չվճարած հարկերի շնորհիվ է բարեգործություն անում: «Նորից Ձեզ հորդորում եմ, որպեսզի այդ հարցերով դիմեք այն մարդուն, ում կոմպետենտության ոլորտի հարց եք տալիս: Ես Ձեզ հետ համաձայն չեմ, որ հարկեր չեն վճարում, այդ կարծիքը սխալ է, իսկ մնացածի առումով էլի հորդորում եմ, որպեսզի կապնվեք Տոնոյան Իվետայի հետ»,- պատասխանել է ԲՀԿ մամուլի խոսնակը:

 

«Նաև փորձեցինք մեկնաբանություն ստանալ երեկ ԱԺ-ում Արարատի մարզպետի հայտարարության վերաբերյալ, թե Արարատի ցեմենտի գործարանից ազատվել են ՀՀԿ թեկնածուին պաշտպանող աշխատակիցներ: Կոնկրետ երկու դեպք, երբ այդ հարցով դիմել են իրեն, մարզպետը նշել է»,-գրում է կայքը:

 

«Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունն այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ամեն առիթով արդար ընտրությունների կոչ է անում»,- հարցրել է թղթակիցը: «Թե ցեմենտի գործարանում ով է աշխատում, ով չի աշխատում, ում են ազատում, ում չեն ազատում, դա ևս իմ կոմպետենտության հարցը չէ, կարող եք այդ հարցով դիմել իրավասուներին:

 

Ինչ վերաբերում է Բարգավաճ Հայաստանին, ապա ԲՀԿ-ն իր քարոզչությունն իրականացնում է ընդամենը մեկ ձևաչափի մեջ` ընտրողին սեփական ասելիքը, ծրագիրը և ընտրվելու պարագայում անելիքը ներկայացնելու ձևաչափի մեջ: Որևէ այլ գործողություն նախընտրական արշավի ընթացքում չի իրականացվում»,- նշել էԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: