Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր՝ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

 

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգի հաստատումից հետո Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ընթացիկ տարվա տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հանքահումքային արդյունաբերությունում, ինչպես նաեւ վերամշակող արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի բարձր տեմպեր պետության աջակցությամբ ու մասնավոր ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ: «Ուրախալի է, որ բարձրացել է վերամշակող արդյունաբերության որակը, եւ ավելացել է արտահանման ծավալը: Դա վկայում է այն մասին, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում մշակված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը դրական արդյունքներ է տալիս», - ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության ավելի ցածր ցուցանիշների պատճառների մասին՝ վարչապետը նշել է. «Այս պահի դրությամբ տնտեսական աճի հիմնական խոչընդոտը շինարարության ոլորտն է: 2013 թ. առաջին ութ ամսվա վիճակագրական տվյալներով՝ ոլորտում ունենք 8.5 տոկոս անկում, իսկ շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 12 տոկոս: 2014 թ. շինարարության ոլորտը լինելու է մեր առաջնային թիրախը, եւ մենք մշակում ենք ծրագրեր, որպեսզի էապես խթանենք ոլորտը: Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային վարկով բնակարանների ձեռքբերման եւ էկոնոմ դասի բնակարանաշինության ծրագրերի մասին է»:

 

2014 թ. տնտեսական աճի խթանման եւ բիզնես միջավայրի բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից նախատեսված միջոցառումների շարքում վարչապետ Սարգսյանը կարեւորել է ավիացիայի ոլորտի ազատականացման քաղաքականության որդեգրումը, վենչուրային հիմնադրամի ստեղծումը, արտահանման ապահովագրական ընկերության, արդյունաբերական հիմնադրամի եւ «ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը երեք կետով առաջ է անցել՝ զբաղեցնելով 37–րդ տեղը, եւ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները շարունակական են լինելու։ Կառավարության ղեկավարը նաեւ անդրադարձել է աղքատության հաղթահարման ուղղությամբ պետության որդեգրած սոցիալական նոր քաղաքականությանը, կենսաթոշակային բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել դրանց վերաբերյալ:

 

Նիստի օրակարգի շրջանակում խորհուրդը քննարկել եւ հաստատել է նախորդ նիստի արձանագրությունը, ՀԱՄՀ 2014 թ. տարեկան ծրագիրը եւ բյուջեն, անդրադարձել միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՄՀ համագործակցությանը եւ ապագա ծրագրերին: