Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:
Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:
Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։
«Մենք Արցախբանկի հիմնադիրների հետ նախնական հանդիպում ենք ունեցել, որպեսզի իրենք հաշվարկ կատարեն, քանի որ բանկի տերերն ունեն ուրիշ ձեռնարկություններ, նաև' շինարարական կազմակերպություն, որ իրենց շինարարական կազմակերպությունները շենքը կառուցեն և հանձնեն մեզ, և այս ամենի համար որքան գումար կպահանջվի:
Երեկ իրենք տվեցին իրենց պատասխանը, որ մեկ քառակուսի մետրը 900 դոլար է կազմում, որը երկու անգամ գերազանցում է այն պայմանները, որոնցով մենք այդ բնակարանները պետք է գնենք: Անհեթեթություն է դա, նման առաջարկի հետ մենք չենք կարող համաձայնվել և որոշեցինք ընդհանուր ժողով անել, որի ժամանակ կհստակեցվեն մեր՝ բնակիչներիս հետագա քայլերը»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Մկրտիչ Ազնաուրյանը:
Վերջինիս նշեց, որ հետագա քայլերը, հնարավոր է, լինեն ցույցերի ձևով, որպեսզի ցույց տան, որ նման կերպ բնակիչների հետ վարվել չի կարելի:
«Մենք ազնվորեն մեր գումարը վճարել ենք. վերջին հաշվով պետություն, կառավարություն ունե՞նք, թե՞ ոչ։ Թող միջամտեն և հարցին լուծում տան: Մենք համբերատար սպասում էինք, դատավարությունն ընթանում էր, բայց դատարանն այս հարցին լուծում տալ չի կարող: Եթե մենք լուծում չգտնենք և համաձայնության չգանք, այդ դատավարությունը կարող է տևել 5-8 տարի»,-ասաց խաբված բնակիչը' հավելեով, որ կան լուծումներ, որ բացարձակապես բոլորը գոհ կմնան դրանից:
«Բոլորը շահույթով դուրս կգան' և՛ պետությունը, և՛ բանկը, և՛ բնակիչները: Մեր առաջարկած լուծումներին բանկը համաձայնություն չտվեց, որովհետև մենք և բանկը իրար հետ կարող ենք միայն գնի վերաբերյալ խոսալ, մեր առաջարկը բանկի համար կորուստներ է նշանակում, բանկի առաջարկը մեզ համար է կորուստներ նշանակում, բայց երրորդը՝ կառավարությունն ունի հստակ տարբերակներ, որոնք կարող է առաջարկել բանկին և մեզ, և բոլորը դուրս գան այդ իրավիճակից շահույթով»,-ասաց Մկրտիչ Ազնաուրյանը: