Արդեն տևական ժամանակ է, ինչ թեժ իրավիճակ է ստեղծվել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում' «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ:

 

Այս պահին «Տոնուսի» խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: Բնակիչները Lurer.com-ի հետ զրույցում նշեցին, որ Արցախբանկի' իրենց ներկայացրած առաջարկը տրամաբանությունից դուրս է, և իրենք եկել են բողոքի ակցիան անցկացնելու Կենտրոնական բանկի դիմաց, քանի որ վերջինս է լիցենզիա տրամադրել տվյալ բանկին. լիցենզիան իրենք են տրամադրել, թող օգնեն լուծել հարցը' պնդում են բողոքի ակցիայի մասնակիցները։

 

Բնակիչները նշեցին նաև, որ մինչև վերջ են պայքարելու և Կենտրոնական բանկի շենքի մոտից շարժվելու են դեպի Կառավարության շենք, որտեղ այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը։

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում է ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին: Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

2006 թվականից 140 ընտանիք «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախ բանկ» ՓԲԸ-ում։