«Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը։
Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, ինչի մասին Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել հրապարակային մրցույթի հրավեր-հայտարարությամբ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նույն օրը զետեղված սույն հայտարարության տեքստից։
Սա իրապես լավ հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել ձեր սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից։
Միաժամանակ ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևան քաղաքին նվիրաբերվածծ բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից և հանդիսանում են համայնքային սեփականություն»։
Երևանի քաղաքապետարան