Ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը ծնվել է 1923թ. նոյեմբերի 14-ին, Ստեփանավանի շրջանի Գյառ-Գյառ գյուղում:

 

1935թ. Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում խաղացել է առաջին դերը' Գիքորը' ըստ Թումանյանի «Գիքորը» պատմվածքի:

 

1938թ. հրավիրվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն:

 

1940թ. ավարտել է Երևանի թատերական տեխնիկումը: 1947 թ. Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրել է առաջին ներկայացումը' «Բոռը»' ըստ Վոյնիչի համանուն վեպի:

 

1950-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: 1953թ. նշանակվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր:

 

1954թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի, 1960թ.' ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 1962թ. նշանակվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1965-ին ընտրվել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ:

 

1966թ. արժանացել է ՀԽՍՀ, 1973թ.' ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1967 թ. հիմնադրել է Երևանի դրամատիկական թատրոնը: 1975 թ. դրամատիկական թատրոնում «Սեր և ծիծաղ», «Ռիչարդ երրորդ», «Յոթ կայարաններ» ներկայացումները բեմադրելու համար, արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1977թ. նշանակվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: 1978թ. «Կորիոլան» ներկայացման համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Եղել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիրը, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի պրոֆեսոր: Մահացել է 1988թ. օգոստոսի 17-ին, Երևանում: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

 

Երևանի դրամատիկական թատրոնը կոչվում է Ղափլանյանի անունով: