Փաստաբանական պալատը ներկայացրել է փաստաբան Արթուր Շավարշի Սարգսյանի փաստաբանի գործունեության արտոնագրի գործողությունը դադարեցնելու հիմնավորումները
Հայաստանի Փաստաբանների պալատի տարածած 11.11.2013թ. հաղորդագրության մեջ հայտնել էինք, որ դադարեցվել է Արթուր Շավարշի Սարգսյանի փաստաբանի գործունեության արտոնագիրը նախաքննական մարմնի հետ համագործակցելու համար: Այժմ ներկայացնում ենք այն հիմնավորումները, որոնք Փաստաբանների պալատի խորհրդին հիմք են տվել որոշում կայացնելու Արթուր Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
24.06.2013թ. ՀՀ Փաստաբանների պալատ է ստացվել ՀՀ ԱՆ ՔԿՀ կալանավոր Շահնուր Ավետիսյանի դիմումը, որով վերջինս հայտնել է որ Լոռու մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրեն ձերբակալելու պահից որպես իր պաշտպան է մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Սարգսյանը, ով գործին ներգրավվել է գործը քննող քննիչի և հսկող դատախազի հրավերով' առանց իր կամ իր հարազատների համաձայնութան:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի 28.06.2013թ. թիվ 83-Ա/ԿԳ13-014 որոշմամբ փաստաբան Արթուր Սարգսյանի նկատմամբ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի խախտման հատկանիշներով հարուցվել է կարգապահական վարույթ:
Կարգապահական գործի նախապատրաստման արդյունքում 30.08.2013թ. կազմվել է եզրակացություն, համաձայն որի փաստաբան Արթուր Սարգսյանի կողմից թույլ է տրվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում:
2013թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Փաստաբնների պալատի խորհրդի նիստում քննարկվել է փաստաբան Արթուր Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Քննարկման արդյունքում Պալատի խորհուրդն ուսումնասիրելով կարգապահական գործում առկա փաստաթղթերը, լսելով նիստին հրավիրված փաստաբան Արթուր Սարգսյանի բացատրությունները, եկել է այն եզրակացության, որ վերջինիս կողմից թույլ է տրվել Փաստաբանի վարքագծի կանոնակարգի 3.1.9 կետով նախատեսված խախտում, այն է' որպես Շահնուր Ավետիսյանի պաշտպան գործին ներգրավվել ու մասնակցել է, ընդունելով վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունը:
Բացի այդ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առել նաև փաստաբան Արթուր Սարգսյանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը' վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից և գտել, որ փաստաբան Արթուր Սարգսյանն իր վստահորդ Շահնուր Ավետիսյանին ցույց չի տվել բավարար իրավական օգնություն, որպիսի արարքը վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունն ընդունելու հետ համակցության մեջ հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ օրենքի 10-րդ, 39-րդ, 39.6-ից 39.9-րդ հոդվածների, Պալատի կանոնադրության 16.26 կետի պահանջներով, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել փաստաբան Արթուր Սարգսյանի արտոնագրի գործողությունը:
Հ.Գ.
Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.9 կետի համաձայն. <<Փաստաբանը չի կարող ընդունել նախաքննության և դատաքննության փուլերում տվյալ գործով վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից իրեն ուղղված՝ տվյալ վարույթին առնչվող անձի գործի վարման հետ կապված իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն:
Եթե փաստաբանը չկարողանա ապացուցել, որ քրեական գործով պաշտպանության համար իրեն է դիմել վստահորդը կամ նրա հանձնարարությամբ այլ մասնավոր անձ, ապա Պալատի խորհուրդը կարող է հաստատված համարել այն փաստը, որ փաստաբանը քրեական գործով վարույթում է հայտնվել նախաքննության մարմնի պատվերով:
Պալատի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև փաստաբանի կողմից իրականացրած գործողությունների բնույթը' վստահորդի շահերը պատշաճ կարգով ներկայացված լինելու տեսանկյունից: Փաստաբանի կողմից նախաքննության մարմնի պաշտոնատար անձի հանձնարարությամբ (առաջարկությամբ) գործին ներգրավված լինելու և վստահորդին բավարար իրավական օգնություն ցույց տված չլինելու արարքների համակցությունը հանդիսանում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում>>: